gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը ամփոփեց Էրեբունի ամրոցի 2012 թվականի պեղումները

PDF Տպել

images/prconference270612.jpg

28.06.2012

Այսօր Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբն ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը:

Զանգվածային լրավամիջոցների համար հրավիրված ասուլիսը բացեց արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը` ներկայացնելով Էրեբունիում հայ-ֆրանսիական համագործակցության նախորդ տարիների փորձն ու այս պեղումների նպատակը:

Բարձր գնահատելով 1950-60-ական թվականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդյունքները, մասնավորապես ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյանի վաստակը, որոնք թույլ են տվել Երևանը ներկայացնել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքում` Գ. Գյուրջյանն այնուհանդերձ նշեց, որ խորհրդային տարիներին կատարված հնագիտական հետազոտություններն արվել են որոշակի շտապողականությամբ, և ամրոցի ճարտարապետությանը վերաբերող շատ հարցականներ այսօր են ստանում իրենց պատասխանները:

2012 թվականի հունիսի 5-ից մեկնարկած հայ-ֆրանսիական համատեղ պեղումների պատկերը մանրամասնորեն ներկայացրեց արշավախմբի ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամպը, իսկ հայտնաբերված խեցեղենի վերլուծությունը` արշավախմբի անդամ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը:

Մասնագետները հատկապես շեշտեցին, որ այս տարվա պեղումները կօգնեն լուսաբանել Ուրարտուի կործանումից հետո մինչև Աքեմենյան տիրապետություն ընկած անցումային ժամանակաշրջանը` շուրջ մեկդարյա ժամանակահատված, որի ըմբռնումը թույլ կտա գրել Հայաստանի պատմության այս էջը:  Նրանք նաև շեշտել են, որ Իրանի տարածքում պահպանված աքեմենյան շատ հուշարձանների հետ Էրեբունիի գիտական համեմատությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ուրարտուի կործանումից հետո կյանքն ամրոցում անկասկած շարունակվել է:

Արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ, պեղումների հայկական կողմի ղեկավար Արաքսի Մեշինյանը կարևորել է պեղածո նյութերի մշակման և սահմանված կարգով արգելոց-թանգարանին հանձնման գործընթացը` նշելով, որ ներկայումս հանձնման փուլում են նախորդ տարիներին Էրեբունի ամրոցում պեղումներ իրականացրած հայ-ամերիկյան արշավախմբի նյութերը:

«Հ1» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ կյանք են վարել Էրեբունիի բնակիչները, ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամպը կեսկատակ պատասխանել է. «... դատելով ամրոցից հայտնաբերված խեցեղենի տեսքից և որակից` կարելի է ասել, որ ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին, եղել են ճաշակով, սիրել են ըմպել գինի կամ գարեջուր»:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան