gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունին կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով

PDF Տպել

images/hraviratoms12.jpg

14.09.2012

Այս տարի արդեն 27-րդ անգամ, 1985թ. ի վեր, Եվրոպական մշակութային կոնվենցիայի 50 անդամ-երկրներ հանդես կգան հանուն եվրոպական ժառանգության ճանաչման՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո:  Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիներ կհամախմբվեն «Եվրոպա. ընդհանուր ժառանգություն» կարգախոսի շուրջ և իրենց այցելություններով կընդգծեն մշակութային ժառանգության արժեքը հասարակության համար:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից առաջարկված «Ճանապարհ» խորագրի ներքո Էրեբունին Օրերին կմիանա 2012թ. սեպտեմբերի 29-ին՝ իր այցելուներին ներկայացնելով Երևանի բնօրրանի` Էրեբունի քաղաք-ամրոցի ճանաչման ճանապարհը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. սեպտեմբերի 29-ին Եվրոպական ժառանգության օրերին կմիանա «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով՝ ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը՝ հայտնաբերումից մինչ օրս: Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում այցելուին կներկայացվեն 50-ականներին և այսօր հայտնաբերված գտածոներ, ինչպես նաև, 10 թեմատիկ եռալեզու պաստառներ՝ Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում՝ Էրեբունի ամրոցի կարևորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի վերաբերյալ:

Ցուցահանդեսի բացումը արգելոց-թանգարանում կնշանավորվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եռալեզու տեղեկատվական նոր գրքույկի շնորհանդեսով:

Միաժամանակ, կարևորելով հուշարձանների պահպանության բնագավառում առաջատար և հաջողված փորձի խթանումը, թանգարանի հիմնական ցուցասրահում շարժական էկրանի վրա անընդմեջ կցուցադրվի «Պահպանություն հանուն ապագայի» տեսաշարը ՝ նվիրված մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միություն/Եվրոպա Նոստրա-2012 մրցանակաբաշխության 28 մրցանակակիր նախագծերին:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» թանգարանում, 2012թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին: Ցուցահանդեսը կգործի մինչև 2012թ. նոյեմբերի 29-ը:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան