gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Seminar in Kishinev

PDF Print

images/kishinev091221012.jpg

14.11.2012

2012թ. նոյեմբերի 9-12-ը Քիշնևում (Մոլդովա) տեղի է ունեցել ԱՊՀ երկրների թանգարանային մասնագետների տարածաշրջանային թեմատիկ  ուսուցողական սեմինար` ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի «Թանգարանի կառավարումը. 21-րդ դար» պիլոտային ծրագրի շրջանակում: Ուսուցողական սեմինարին, որն ընթացել է «Արգելոց-թանգարանների տեղը և դերը մշակութային ժառանգության պահպանության և օգտագործման համակարգում» թեմայով, մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի թանգարանների 30 մասնագետներ, ովքեր ներկայացրել են արգելոց-թանգարանների կառավարման սեփական հաջողված փորձն ու խնդիրները: Հայաստանը ներկայացրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը:

 

 

Ուսուցողական սեմինարն ընթացել է 6 նիստերով` քննարկելով ԱՊՀ երկրների արգելոց-թանգարանների տիպային բազմազանությանը, մշակույթի բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակած կոնվենցիաների կատարման ուղղությամբ  արգելոց-թանգարանների դերին, արգելոց-թանգարանների կառավարման սկզբունքներին, նոր տնտեսական զարգացման համատեքստում դրանց դերակատարությանն առնչվող խնդիրներ: Առանձին քննարկման առարկա են հանդիսացել նաև բնության ժառանգության պահպանությունն ու բնության արգելավայր-թանգարանների գործունեության հիմնահարցերը:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրել է «Պատանի հնագետի դպրոց» նախագիծը` որպես կրթական նախաձեռնություն և թանգարանային մարկետինգի գործիք: Ներկայացված էլեկտրոնային ցուցադրությունը և մեկնաբանությունները մեծ հետաքրքրություն են  առաջացրել մասնակիցների շրջանում և Մ. Բադալյանը պատասխանել է դպրոցի կազմակերպմանը և գործունեությանն առնչվող բազմաթիվ հարցերի:   Միքայել Բադալյանի զեկույցն ընդգրկվել է սեմինարի նյութերի ժողովածուում, որը  կհրատարակվի առաջիկայում:

 

Ուսուցողական սեմինարին մասնակցել են ԱՊՀ տարածքում ճանաչում ունեցող այնպիսի արգելոց-թանգարաններ` ինչպիսիք են «Նեսվիժ» պատմամշակութային /Բելառուս/, «Տամգալա» պատմամշակութային և բնության /Ղազախստան/, «Յասնայա պոլյանա» /Ռուսաստան/, «Բուխարա» պատմաճարտարապետական /Ուզբեկստան/ արգելոց-թանգարանները: Սեմինարի մասնակիցներին հյուրընկալել էր Քիշնևի Բնության և ազգագրության ազգային արգելոց-թանգարանը:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան