gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Հավաստագրեր որմնանկարների վերականգնման և պահպանման դասընթացի մասնակիցներին

PDF Տպել

images/italydespan291112.jpg

29.11.2012

Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում 16 ուսանողներ և 3 ազատ ունկնդիրներ ստացել են  հավաստագրեր` 2012թ. հունիսի 22 - հոկտեմբերի 10-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հայ-իտալական կրթամշակութային համագործակցության շրջանակում կազմակերպված  որմնանկարների վերականգնման և պահպանման դասընթացին մասնակցելու համար: Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, դասընթացի տնօրեն Ֆրանչեսկո Աուջելլին, իտալահայ ճարտարապետ Գայանե Կազնատին, «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանը կարևորելով մշակութային ժառանգության պահպանությունը խրախուսող կրթական նախաձեռնությունը` նշել է, որ ծրագրի հեռահար նպատակը Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացումն է և ժառանգության տնտեսական արժեքների խթանումը: Շնորհակալություն հայտնելով «Էրեբունի» արգելոց-թանգարանին ծրագրին ցուցաբերած աջակցության և անմիջական մասնակցության համար` դեսպանը հույս է հայտնել, որ արգելոց-թանգարանում կազմակերպված և հատուկ կահավորված  որմնանկարների դասասենյակը իրապես կդառնա որմնանկարների վերականգնող  մասնագետների պատրաստման դարբնոց Հայաստանում:

Որմնանկարների վերականգնման և պահպանության դասընթացները վարել են իտալացի մասնագետներ Աննա Լուկինին, Էլիզաբեթ Կաննան և նշանավոր «Պալացո Սպինելի» ռեստավրացիոն դպրոցի մասնագետ Ֆաբրիցիո Իակոպինին: Ծրագրին աջակցում են ՀՀ  մշակույթի նախարարությունը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» արգելոց-թանգարանը և «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամը: