gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Կարողությունների ամրապնդում մշակութային ժառանգության սեկտորում

PDF Տպել

images/081212vrastan.jpg

08.12.2012

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության «ՄՇԱԿՈՒՅԹ» ծրագրով իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության պահպանության» նախագծի շրջանակում 2012թ. դեկտեմբերի 6-7-ը Թբիլիսիում տեղի ունեցած 3-րդ միջազգային գործնական սեմինարին` «Կարողությունների ամրապնդում մշակութային  ժառանգության սեկտորում»  թեմայով:

Գործնական սեմինարին ներկայացված են եղել  ժառանգության սեկտորի մասնագետներ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից և Նորվեգիայից: Սեմինարը վարել է միջազգային փորձագետ, Օսլոյի մշակութային ժառանգության կառավարման դեպարտամենտի տնօրեն Մորթեն Ստիգը: Կարևորելով թեմայի արդիականությունը` սեմինարի աշխատանքներին ներկա են եղել և  մասնակիցներին ողջունել Վրաստանի Մշակույթի փոխնախարար Մարինե Միզանդարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Վրաստանի ազգային հանձնաժողովի գլխ. քարտուղար Քեթևան Կանդելակին և ԵՄ Վրաստանի պատվիրակության ծրագրերի կառավարիչ Օլիվեր Ռայսները:  Հայաստանը ներկայացրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը:

Սեմինարն ընթացել է մասնակից երկրներից ժառանգությունների քաղաքականության և օրենսդրական շրջանակների մասին  հաղորդումներով` ներառելով առանձին հաջողված և ձախողված օրինակներ: Մասնավորապես որպես հաջողված փորձի օրինակ մանրամասնորեն ներկայացվել է Օսլոյի քաղաքապետարանի ռազմավարությունը`  քաղաքի ժառանգության պահպանության ուղղությամբ: Կիևի քաղաքապետարանի քաղաքաշինական վարչության փորձագետ Օլգա Վասիլչենկոյի կողմից ներկայացվել է  «Կիև. Քաղաք մարդկանց համար» նոր նախագիծը`  նպատակաուղղված  քաղաքային միջավայրի նորացմանը և փողոցների պաստպորտավորմանը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը  հանդես է եկել  «Ժառանգության օրենսդրական պաշտպանվածությունը Հայաստանում. Կատարելագործման անհրաժեշտությունը» զեկուցմամբ` մասնավորապես մեկնաբանելով «Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ  հուշարձանների մասին» ՀՀ օրենքը:  Զեկուցմանը զուգահեռ ներկայացվել է էլեկտրոնային պատկերաշար` «Հայաստան. մոտեցում պատմամշակութային ժառանգությանը. Վերջին տասնամյակ» թեմայով, ինչը թույլ է տվել ներկաներին պատկերացում կազմել Հայաստանում վերջին տասնամյակում հուշարձաններում իրականացված վերականգնողական աշխատանքների մասին:

Ամփոփ ներկայացվել են նաև «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության պահպանության» նախագծի շրջանակում «Էրեբունի» արգելոց-թանգարանի աջակցությամբ 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին  դպրոցների աշակերտների համար 10,  դպրոցների ուսուցիչների և  ՏԻՄ մարմինների ներկայացուցիչների համար անցկացված 4-ական սեմինարներն ու դրանց արդյունքները:

Սեմինարի մասնակիցները կարևորել են յուրաքանչյուր երկրում ազգային քաղաքականության կառուցվածքը` հայեցակարգը, արժևորման համակարգը, ինստիտուցիոնալ և օրենսդրական շրջանակը և ռազմավարությունները /պահպանության ստանդարտներ, հասարակական մասնակցություն, ֆինանսական ռեսուրսներ/: