gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

9-th Museum Night

PDF Print

images/9thmuseumnight.jpg

19.05.2013

Երեկ` մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը միացավ թանգարանների մեծ ընտանիքին` նշելով Թանգարանների միջազգային օրը և կանգնեց աշխարհի ավելի քան 30 հազար թանգարանների կողքին` հավասարը հավասարի սկզբունքով: Ժամը 18:00-ից արգելոց-թանգարանը հատուկ ծրագրով միացավ  երեկ երեկոյան Եվրոպայով մեկ թևածող   9-րդ  Թանգարանային գիշերվան:

 

Թեև ՀՀ Կառավարության որոշմամբ մայիսի 18-ը հայտարարված էր աշխատանքային, սակայն դա չխանգարաեց  <<Էրեբունի>> արգելոց-թանգարանին ժամը 10:30-ից ընդունել այցելուների մեծ հոսքեր` հիմնականում ուսուցիչների ու ծնողների ուղեկցությամբ դպրոցականների խմբեր ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև այցելուներ Սփյուռքից: Մինչ <<Թանգարանների եվրոպական գիշերվա>> մեկնարկը թանգարանն արդեն ընդունել էր 1300 այցելուների, այդ թվում` 400-ը մինչև 12-25 տարեկաններ:

 

Մայիսի 18-ին ժամը 18:00-ից <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը <<Հնագիտությանը հյուր>> բաց դասով միացավ Գիշերվան` մինչև 20:00-ն թանգարանի հիմնական ցուցադրությունը ներկայացնելու պատիվը վստահելով պատանի հնագետներին: Ժամը 20:00-ին կինոսրահի վերածված ժամանակավոր ցուցահանդեսների դահլիճում սկսվեց Արվեստի ֆիլմերի <<ՌՈԼԱՆԴ>> հավաքածուից ընտրված <<Մայաներին որոնելիս>> ֆիլմի առցանց ցուցադրությունը, ինչն աշխարհի բոլոր թանգարաններին ԻԿՕՄ-ի կողմից մատուցված յուրօրինակ նվեր էր` Թանգարանների միջազգային օրվա առթիվ:

Թանգարանի դիմահայաց հարթակում կազմակերպված լուսավոր բեմը` ժամը 20:30-ից  հյուրընկալեց երևանյան 2 թատրոնների` խախտելով թանգարանի ավանդական լռությունը: Երևանի քաղաքապետարանի <<Պատանի հանդիսատեսի>> և Երևանի մրջախաղի պետական թատրոնները դարձան Թանգարանների գիշերվա գործող անձինք և իրենց մասնակցությամբ խթանեցին այցելուների աննախադեպ մեծ հոսք դեպի Էրեբունի հնավայր և թանգարան:

Բացօթյա միջոցառումը եզրափակեց հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը <<Քաղաքը երգերում>> շարքով` ուշ երեկոյան մթնոլորտը լցնելով անասելի մեղմությամբ ու խաղաղությամբ:  Այդ երգերը գիշերային ունկնդիրների մեջ, անխոս, ավելացրեցին մեր սրտի մայրաքաղաքի  զգացողությունը, չնայած, Լիլիթի երգերում բացակայում էր <<Երևան>> անունը: Գիշերասեր այցելուներից շատերի գնահատմամբ այդ կարճատև համերգն ասես <<կանաչ թեյ>> էր` կեսգիշերից առաջ:

Թանգարանների միջազգային օրվա առիթով Հայաստանի թանգարանային աշխատողներին  բարեմաղթանքներ հղեցին արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը` մաղթելով հետաքրքիր թանգարանային գիշեր և հավաստիացնելով, որ ընդամենը մի քանի տարուց <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը հանրությանը կներկայանա հազարամյակների պատմություն ունեցող քաղաքին հարիր նորովի մեկնաբանությամբ:

Այցելուների հոսքերի առումով Թանգարանների եվրոպական 9-րդ գիշերը Էրեբունիում նմանվեց <<9-րդ ալիքի>>` արձանագրելով հաճախելիության աննախադեպ բարձր ցուցանիշ` 4300 այցելու, որից  1260-ը` 12-25 տարեկաններ: Թանգարանային գիշերվա այցելուների թվում էին նաև ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գ. Նուշիկյանը, գրող-հրապարակախոս Մ. Տեր-Գուլանյանը, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հետ համագործակցային ծրագրերի շրջանակում Երևանում գտնվող Թբիլիսիի արվեստի ավագ դպրոցի սաները`  տնօրենի և ուսուցիչների ուղեկցությամբ: Էրեբունիում Թանգարանային գիշերվա  աջակիցների թվում էր նաև եղանակը Հայաստանում, ինչի շնորհիվ բացօթյա միջացառումները չընդատվեցին ո´չ հորդառատ անձրևով և ո´չ էլ քամու ուժգնացմամբ:

<<Էրեբունի>> արգելոց-թանգարանը շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներից և սպասում իր հավատարիմ այցելուներին հաջորդ տարի` 2014-ի մայիսին: