gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

«Էրեբունի» արգելոց-թանգարանում նշվեց Հուշարձանների միջազգային օրը

PDF Print

2015թ. ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Էրեբունի թանգարանում նշանավորվեց առավոտից՝ ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության Քանաքեռի զորամասի զինծառայողների մասնակցությամբ արգելոց-թանգարանի տարածքում մաքրման և խնամքի աշխատանքներ իրականացնելով: Ապրիլի 18-ի միջոցառումը մեկնարկեց ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ, Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ելույթով: Շնորհավորելով ժառանգության պահապաններին մասնագիտական տոնի և ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակի առթիվ՝ Գ. Գյուրջյանն անդրադարձավ Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի և ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գործունեությանը: Փոքր-ինչ ներկայացնելով բացվող ցուցահանդեսի խորհուրդը՝ նա, մասնավորապես, նշեց. «Սա մի առիթ է՝ բարձրաձայնելու, որ Թուրքիայում գտնվող ուրարտական հուշարձանները ևս մեր ժառանգության մի մասն են, որոնք ներկայացման, հանրահռչակման ու պահպանության կարիք ունեն»:

Շնորհավորական և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը: Երևանի փոխքաղաքապետ Ա. Սուքիասյանն իր խոսքում անդրադարձավ նոր բացվող ցուցադրությանը՝ նշելով, որ այն նաև երևանյան մշակույթի բաղկացուցիչ մասն է: Նա ընդգծեց, որ կան մշակույթներ ու արժեքներ, որոնք չունեն ազգային պատկանելություն, և որոնք պետք է պահել ու պահպանել. հենց մասնագետները և ինչու ոչ՝ հասարակ մարդիկ պետք է առաջ քաշեն այս խնդիրը: Վ. Կաժոյանը, ցուցադրության թեման խորհրդանշական համարելով, կարևորեց այսօրվա քաղաքական իրադրության մեջ միջազգային հանրության կողմից դատապարտող քայլեր ձեռնարկելու հարցը: Նա նշեց, որ եթե ճիշտ ժամանակին հստակ քայլեր ձեռնարկվեին, չէր լինի Ջուղայի խաչքարերի ավերումը, այսօր էլ՝ Սիրիայի և Իրաքի ժառանգության ոչնչացումը:

Հուշարձաների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում իրականացվող միջոցառումը, որը կազմակերպվել էր ԻԿՕՄՕՍ/Հայաստանի և Էրեբունի թանգարանի համատեղ ջանքերով, այս տարի անցկացվում էր ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը տոնելու համատեքստում: Էրեբունի թանգարանում բացված «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» ցուցահանդեսը կգործի մինչև  2015թ. մայիսի 30-ը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

ԻԿՕՄՕՍ/Հայաստան