gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունին մասնակցել է Լիոնում Հողաշեն կառույցներին նվիրված XII միջազգային կոնգրեսին

PDF Տպել

2016թ. hուլիսի 10-18-ը Հայաստանից Ֆրանսիա մեկնած պատվիրակությունը  մասնակցել է Լիոնում կայացած Հողաշեն կառույցներին նվիրված XII միջազգային կոնգրեսին: Պատվիրակության կազմում է եղել նաև Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը:

Լիոն կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակության անդամներից երեքը՝ Լ.Ղազարյանը, Է. Հարությունյանը, Հ. Պետրոսյանը, հանդես են եկել հողաշեն կառույցների ճարտարապետության, պահպանության խնդիրների  վերաբերյալ զեկույցներով:

Գիտաժողովին մասնակցություն են ունեցել աշխարհի 70 երկրների շուրջ 800 մասնակիցներ: Հայկական պատվիրակության համար  հիշարժան է եղել Հայաստանին նվիրված երեկոն՝ Լիոնի քաղաքապետարանի կողմից կազմակերպված հատուկ ընդունելությամբ:

Ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանքային հանդիպումների և մասնավոր զրույցների ժամանակ և Գրենոբլի «Հողաշեն ճարտարապետության միջազգային կենտրոն»-ի՝ CRAterre-ի  ղեկավարի հետ  զրուցելիս՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանն ամրապնդել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը համագործակցության վերաբերյալ՝ հատկանշելով, որ հում աղյուսը «Էրեբունի» և «Կարմիր բլուր» ուրարտական ամրոցների կառուցման հիմնական շինանյութ է հանդիսանում, իսկ այդ հնավայրերից հայտնաբերված նյութերը լայնորեն բացահայտում են ուրարտացիների կողմից կավի օգտագործման հնարավորությունները, նրա բաղադրության, գույնի, ֆիզիկա-քիմիական և մեխանիկական հատկությունների մասին առանձնահատկությունները:

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը կարևորել է ս.թ. հունիս-հուլիս ժամանակաշրջանում CRAterre-ի մասնագետի կողմից Էրեբունի հնավայրում իրականացրած գործնական դասընթացը հում աղյուսի պատրաստման նյութի և մեթոդի օգտագործման վերաբերյալ, որին մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները և «Էրեբունի» թանգարանի աշխատակիցները՝ ստանալով համապատասխան որակավորման վկայականներ: Այս խնդիրը առավել հրատապ է դառնում Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարության շեմին /2018թ./՝ լայնածավալ վերականգնման աշխատանքների իրականացման ծրագիրը կյանքի կոչելու գործում:

Գ. Գյուրջյանն անդրադարձել է Ֆրանսիացի հնագետների հետ դեռևս 2008թ.-ից հաստատված համագործակցության՝ Էրեբունի ամրոցում համատեղ արշավախմբով պեղումներ իրականացնելու հաջողված փորձին և ընդգծել, որ նշյալ համագործակցության շրջանակը կարելի է ընդլայնել՝ Ֆրանսիայի CRAterre-ի և հողաշեն ճարտարապետության պահպանության խնդիրներով զբաղվող այլ կառույցների հետ հում աղյուսի վերաբերյալ ուսումնասիրություններ անելով, ինչն էապես կնպաստի հողաշեն ժառանգության պահպանությանը, նրա արդիականության հնարավորությունների  զարգացմանը: