gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Պետական Էրմիտաժի տնօրեն Մ. Պիոտրովսկու այցը «Էրեբունի» արգելոց-թանգարան

PDF Տպել

2016թ. դեկտեմբերի 12-ին պաշտոնական հրավերով Երևանում գտնվող   Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել է «Էրեբունի» արգելոց-թանգարան: Մ. Պիոտրովսկին իր  որդու՝ Բորիս Պիոտրովսկու հետ միասին արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել  է թանգարանի միջանցիկ սրահում կազմակերպված ականավոր գիտնական, ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկուն նվիրված «Բորիս Պիոտրովսկու հետքերով» ժամանակավոր ցուցահադեսին:

Նա մեծ գոհունակությամբ դիտել և անձամբ մեկնաբանել է սրահի պատերին փակցված պաստառների տեղեկույթը, որը նվիրվել է Բորիս Պիոտրովսկու գիտական գործունեությանը, նրա ղեկավարությամբ իրականացված հնագիտական պեղումներին, մասնավորապես Կարմիր բլուրում, ինչպես նաև ներկայացվել է ընտանիքին՝ կնոջը և որդիներին վերաբերող լուսանկարներ ու պատմություններ: Առանձին ցուցափեղկերում ցուցադրվել են Բ. Պիոտրովսկու հոդվածները, գրքերը և նրա կողմից Կարմիր բլուրից պեղումներով հայտնաբերված սափորները, որոնք թանգարանի ֆոնդերից հանվել են հատուկ այդ ցուցահանդեսին ներկայացնելու համար:

Այնուհետև,  թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել հանդիպում Մ. Պիոտրովսկու և արգելոց-թանգարանի աշխատակիցների, պաշտոնատար անձանց,  մի խումբ ճարտարապետների, հնագետների, Երևանի ԲՈՒՀ-երի ուսանողների միջև: Բացման խոսքով հանդես է եկել թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը, ապա «Էրեբունի» թանգարանի կողմից պատվավոր հյուրին նվիրել նրա հոր՝ Բ. Պիոտրովսկու արշավախմբի կողմից Կարմիր բլուրից հայտնաբերված Ձիու գլխի արձանիկի բրոնզաձույլ կրկնօրինակը:  Ողջույնի խոսքեր են հղել Հայաստանի հնագիտության, պատմամշակութային  ոլորտի այն գործիչները, ովքեր շատ թե քիչ առնչվել են «Բորիս Պիոտրովսկի» մեծանուն գիտնականին:                 Հանդիպմանը մասնակցել և իրենց հիշողություններով կիսվել են Բ. Պիոտրովսկու սաները, ովքեր ներկայումս Հայաստանի  ականավոր գիտնականներից են:

Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրենը՝ Մ. Պիոտրովսկին, շնորհակալություն հայտնելով ջերմ  ընդունելության, կազմակերպված գեղեցիկ ցուցադրության և հանդիպման համար, իր կողմից Պետական Էրմիտաժի մասին գրքեր է նվիրել «Էրեբունի» թանգարանին: Ապա հատուկ հանդիպման մասնակիցների համար Մ. Պիոտրովսկին առանձին լուսանկարների շարքով ներկայացրել է Պետական Էրմիտաժի Ուրարտուի և Հայաստանի մշակույթի և արվեստի սրահները, արժեքավոր ցուցանմուշները: Առանձին անդրադարձ է եղել Պետական Էրմիտաժի արդի նախաձեռնությունների, նոր նախագծերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին Մ. Պիոտրովսկուն անակնկալ է մատուցվել թանգարանի մշտական ցուցասրահում, որտեղ երկու  ցուցափեղկերից մեկում ցուցադրվել է  Բ. Պիոտրովսկու կողմից դեռևս 1971թ. «Էրեբունի» թանգարանին նվիրած կոնյակը՝ զավեշտալի մակագրություններով, իսկ մյուսում՝ «2798 Էրեբունի-Երևան» կոնյակը, որը, նույն կերպ, տեղում մակագրվել է Մ. Պիոտրովսկու և նրա որդու՝ Բ. Պիոտրովսկու կողմից:

Կրկին շնորհակալություն հայտնելով «Էրեբունի» արգելոց-թանգարանի աշխատակազմին՝ Մ. Պիոտրովսկին հրաժեշտից առաջ լուսանկարվել է թանգարանի աշխատակիցների հետ՝ առաջիկայում կրկին «հարազատ տանը»՝ «Էրեբունի» թանգարանում  հանդիպելու  ակնկալիքով: