gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի հնավայրի տարածքում ընթանում են հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ

PDF Տպել

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Հայաստանի միջև ստեղծված համագործակցության շրջանակում CRAterre-ի (Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն) կողմից իրականացվող «Հողի ժառանգությունը և  զարգացումը Հայաստանում» ծրագրով  ս.թ. հուլիսի 19-ից 30-ը Էրեբունի հնավայրում անց են կացվում հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ: Աշխատանքներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ, մշակութային ժառանգության պահպանությամբ հետաքրրքվող այլ մասնագետներ: Գործնական աշխատանքներն իրականացվում  են ֆրանսիայից ժամանած փորձագետ Մաջիդ Հաջմիրբաբայի ղեկավարությամբ:

Նշված աշխատանքների վերաբերյալ 2016թ. հունիսին Էրեբունի հնավայրում կազմակերպվել են գործնական դասընթացներ:

Հայաստանի հողաշեն ժառանգությունը,  ի տարբերություն քարի ժառանգության, ավելի քիչ  է հայտնի  թե՛ երկրի սահմաններում, թե՛ սահմաններից դուրս և դրա  պահպանության հետ կապված մի շարք հրատապ խնդիրներ կան: Այնուամենայնիվ, հողաշեն ժառանգությունը մեր տարածաշրջանի համար զբոսաշրջության զարգացման  կարևոր  ռեսուրս է հանդիսանում: 1993թ.-ից ի վեր համագործակցելով ֆրանսիացի ճարտարապետների, հնագետների, հետազոտողների հետ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության նախագահ Գ.Գյուրջյանը դիմել է հողաշեն կառույցներով զբաղվող ֆրանսիացի փորձագետների CRAterre-ից (Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն) և ENSAL-ից (Լիոնի ազգային ճարտարապետության բարձրագույն դպրոց), որպեսզի փորձեն Հայաստանի հողաշեն հնավայրերի և տեղական կավաշեն ժառանգության պահպանման և արժևորման համար համատեղ լուծումներ գտնել: Օվերն-Ռոն-Ալպի և Հայաստանի միջև համագործակցությունը ստեղծվել է 2013թ., որի զարգացմանը նպաստել է 2014թ. ապրիլին  տարբեր  փորձագետներից բաղկացած ասոցիացիայի ձևավորումը: Օվերն-Ռոն-Ալպի և «Հողի ժառանգությունը և  զարգացումը Հայաստանում» ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ CRAterre-ի միջև 2014-2015թթ.  ֆինանսական աջակցության   պայմանագրեր  են ստորագրվել: Այդ աջակցության շրջանակում 2014թ. մայիսի 26-28-ը 3 հայ փորձագետներ մասնակցել են Գրենոբլում կազմակերպված «Հողի ճարտարապետության կոնսերվացիան հնավայրերում. Նոր փորձը և հեռանկարները» խորագրով միջազգային սեմինարին: 2016թ.  հունիսին ֆրանսիացի փորձագետներ Ս. Մոննոյի և Մ. Հաջմիրբաբայի կողմից էրեբունի հնավայրի տարածքում գործնական  դասընթացներ են կազմակերպվել ծրագրի առաջին փուլի համար շինանյութեր պատրաստելու վերաբերյալ, որին մասնակցել են «Էրեբունի» թանգարանի  վերականգնողները և ՀՃՇԱՀ-ի ուսանողները:  2016թ. հուլիսի 11-14-ը Լիոնում տեղի ունեցած «TERRA 2016» համաշխարհային 12-րդ կոնգրեսին մասնակցել է  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ.Գյուրջյանը: Վերջինս հանդիպումներ է ունեցել ճարտարապետության և հողի ժառանգության մի շարք մասնագետների հետ, ներկայացրել Էրեբունի հնավայրի պահպանման և վերականգնման ծրագրի կարևորությունը: Ծրագրի շրջանակում 2017թ.  նախատեսվում է Էրեբունի հնավայրում իրականացնել հում աղյուսի մեծաքանակ արտադրություն և եզրակացություններ տալ ծրագրի և վերականգնվող շինությունների տեխնիկական մանրամասների վերաբերյալ: