gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Հուշարձանների միջազգային օրը «Էրեբունի» թանգարանում՝ «Ժառանգություն սերունդների համար» խորագրով

PDF Տպել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ազգային կոմիտեի հետ միասին ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան կմիանա միջոցառումների շարքով՝ «Ժառանգություն սերունդների համար» խորագրով:  Օրվա շրջանակում «Էրեբունի» թանգարանում կներկայացվի նոր ցուցահանդես, որի խորագիրն է  «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել»: Կրթադաստիարակչական ուղղվածություն ունեցող այս ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել ժառանգության ճանաչողության, արժևորման և պահպանության խնդիրները՝  երիտասարդ սերնդի մոտ պատմամշակութային հուշարձանների հանդեպ հետաքրքրություն և հարգանք առաջացնելու նպատակով:

Հուշարձանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում «Էրեբունի» թանգարանում համերգային ծրագրով հանդես կգա Հնաբնակ երևանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը, որի տարեց երգիչներն Օրվա միջազգային խորագրին համահունչ իրենց պահպանած ժառանգությունը կփոխանցեն երիտասարդ ունկնդիրներին: «Էրեբունի» թանգարանում երիտասարդ հնագետ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը  դպրոցականների և ուսանողների համար կանցկացնի դասախոսություն՝  «Հայկական լեռնաշխարհը հետուրարտական ժամանակաշրջանում. ժառանգություն և իմիտացիա» թեմայով, իսկ Օրվա ծրագիրը կեզրափակեն «Էրեբունի» թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի սաները՝ ճանաչողական շրջայց անցկացնելով թանգարանում: «Էրեբունի»  թանգարանն «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի հետ համատեղ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված վերոնշյալ միջոցառումներն իրականացնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-ի առաջադրած Գիտելիքների փոխանցում սերունդներին և Երիտասարդական առաջնորդություն  նշանաբաններով: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին, «Էրեբունի» թանգարանում, ժամը՝ 14:00-ին: Ցուցահանդեսը կգործի մինչև ս/թ հունիսի 18-ը: