gototopgototop

«Էրեբունի» արգելոց-թանգարանի մուտքը համացանց

Տպել

Erebuni Website Presentation, Gagik GyurjyanԱնցյալ` 2010 թվականը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ամփոփեց համացանցում իր վեբ-կայքի բացմամբ: 2010թ. դեկտեմբերի 29-ին արգելոց-թանգարանի աշխատակազմի , լրատվամիջոցների ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահում տեղի ունեցավ www.erebuni.am-ի շնորհանդեսը:

Ողջունելով ներկաներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը կարևորեց ինտերնետային էջի`որպես հավաստի տեղեկատվական ռեսուրսի , ինչպես նաև առանց տեղեկատվություն տարածելու անհրաժեշտությունը: Նա նաև նշեց, որ ունենալ վեբ-կայք ինքնին նշանակում է մշտապես ներկա լինել հասարակության համար . հետևաբար նաև մեծանում է արգելոց-թանգարանի պատասխանատվությունը հանրության առջև: Գ.Գյուրջյանը հույս հայտնեց, որ վեբ-կայքը կնպաստի Էրեբունիում պահվող թանգարանային հարուստ հավաքածուի հանրահռչակմանը և նորանոր այցելուներ կբերի հնավայր ու թանգարան:

Կայքի կառուցվածքը ներկայացրեց ծրագրավորող Ռուբեն Մնացականյանը` մեկնաբանելով գրաֆիկական միջավայրի համար օգտագործված լոգոտիպն ու խորհրդանշական պատկերները (Սարդուրի 2-րդի սաղավարտից մանրամասն , հատված «Վազող նժույգը» որմնանկարից , եղջերագավաթների պատկերներ և այլն ). Էրեբունի, Թեյշեբաինի և Շենգավիթ հնավայրերի մասին տեղեկատվությունից զատ , կայքը ներառում է նաև թանգարանին, հուշանվերների կրպակին, տարվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներին վերաբերող բաժիններ, հնարավորություն է տալիս հեշտորեն «նավարկել» բաժնից-բաժին , բեռնել համապատասխան լուսանկարներ, տեսանյութեր և մամուլի հաղորդագրություններ: erebuni.am-ի մուտքը համացանց ողջունեցին Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը , հեռուստալրագրող Արփեն Մովսիսյանը: Կարևորելով լրատվամիջոցների դերը պատմամշակութային ժառանգության պահպանության և օգտագործման խնդիրների մեկնաբանման գործում` արգելոց-թանգարանի տնօրեն Գ.Գյուջյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին , ովքեր անցած տարվա ընթացքում իրենց ռեպորտաժներով և հոդվածներով անդրադարձել են «Էրեբունի» արգելոց - թանգարանին` հանրության և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով առկա խնդիրների լուծմանը : Թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների պատկերների օգտագործմամբ արգելոց – թանգարանի կողմից թողարկված խորհրդանշական նվերներ` եղջերագավաթներ ստացան «Голос Армении» թերթի թղթակից Տիգրան Միրզոյանը, «Առավոտ» թերթի մշակութային էջը, հեռուստալրագրող Արփեն Մովսիսյանը:

erebuni.am-ը եռալեզու է` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ներկայումս այն ակտիվ է միայն հայերենով: Ռուսերեն և անգլերեն տարբերակները կգործարկվեն 2011-ի 1-ին եռամսյակի ավարտին: