gototopgototop

The vizit of Anri Reno

Print

mages/thevizitofanrireno.jpg

23.06.2012

Այսօր առավոտյան Էրեբունի ամրոց է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի  արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և դեսպանության մշակութային համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենի ուղեկցությամբ:

2012թ. հունիսի 5-ից Էրեբունի ամրոցում վերսկսված հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների ծրագիրը նախատեսված է 2012-2015 թվականների համար և ֆինանսավորվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների կողմից: Պեղումների այս գործաշրջանում «Էրեբունի» արգելոց-թանգարանը հանդես է գալիս նաև որպես պեղումների ձեռնարկող:

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանի հետ միասին դեսպանը շրջել է պեղումների հրապարակով, ծանոթացել հնավայրի հարավային առանցքով բացված ուրարտական փողոցի և պեղումների արդյունքում բացված հնագիտական շերտերի թվագրման վերաբերյալ մեկնաբանություններին, զննել հնագետների կողմից հայտնաբերված մի քանի խեցեղեն գտածոներ և անգամ շոշափել դրանք: Պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին՝ Անրի Ռենոն նշել է, որ «…հնագիտությունը թույլ է տալիս հասկանալ, թե ով ես դու, որտեղից ես գալիս և ուր ես գնում: Հնագիտական հետազոտությունները կարևոր են այնքանով, որ դրանք պատասխանում են ինքնության հետ կապված հարցերին»: Նա թեև խոստովանել է, որ Հայաստանի հարուստ հնավայրերից ճանաչում է միայն Էրեբունին, սակայն հավաստիացրել է, որ առաջիկայում ծրագրում է այցելել նաև այլ հուշարձաններ:

Պեղումների նպատակը և նշանակությունը ներկայացրել են ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը և Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Ստեֆան Դեշամպը նշել է, որ Էրեբունին հետաքրքիր հնավայր է և´ իր ճարտարապետության, և´ հայտնաբերված հնագիտական  առարկաների տեսանկյունից: Նա Էրեբունին գնահատել է որպես կարևոր հնագիտական հուշարձան ողջ Մերձավոր Արևելքի համար: Դեսպանի հետ զրույցում Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը բազմիցս կարևորել է Էրեբունիի դերը Երևան մայրաքաղաքի համար և շեշտել է հնավայրը հանրությանը նորովի ներկայացնելու բարելավումների անհրաժեշտությունը:

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ֆրանսիացի գործընկերների հետ աշխատում են համատեղ ցուցահանդեսի շուրջ, որը կրելու է «Էրեբունի. երեկ և այսօր» խորագիրը:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան