gototopgototop

The vizit of John Heffern

Print

images/usaambassador250712.jpg25.07.2012

ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելել է Շենգավիթ հնավայր

 

 

Այսօր, 2012թ. հուլիսի 25-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը տիկնոջ և դեսպանության մշակութային  ծրագրերի տնօրեն Շոն  Օհարայի հետ այցելել է դեսպանության հարևանությամբ պահպանվող <<Շենգավիթ>> հնավայր, ուր ընթանում են հայ-ամերիկյան համատեղ հնագիտական պեղումներ՝ Երևանի քաղաքապետարանի <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի և ՀՀ Մշակույթի նախարարության <<Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ:

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ.Գյուրջյանի և <<Շենգավիթ>> մասնաճյուղի վարիչ Վ. Ճաղարյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է հնավայրում, ծանոթացել Շենգավիթ վաղ երկրագործական բնակատեղիում 1950-ականների վերջին ձեռնարկված հնագիտական հետազոտությունների պատմությանը: Գ. Գյուրջյանը ներկայացրել է քաղաքաշինական բարդ հանգույցում տեղակայված հուշարձանի պահպանության բարդությունները, ինչպես նաև, Շենգավիթ բնակատեղիի նշանակությունը համաշխարհային հնագիտական ժառանգության համատեքստում:

Հայ-ամերիկյան պեղումների ընթացքը և կարևորությունը դեսպանին ներկայացրել են ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի Ուայդների համալսարանի պրոֆ. Միթչել Ռոտմանը և հայկական արշավախմբի ղեկավար Հ. Սիմոնյանը: Մ. Ռոտմանը ընդգծել է, որ այս գործաշրջանում պեղումների նպատակն է ընտրված հնագիտական քառակուսում կատարվող շուրֆի միջոցով ճշգրտել հուշարձանի շերտագրությունը: Հ. Սիմոնյանը ներկայացրել է հնավայրի հյուսիս-արևելյան լանջին բացված կլոր աշտարակով պարսպապատը, ինչպես նաև, մի շարք կառույցներ, որոնց ֆունկցիոնալ նշանակությունը դեռևս ուսումնասիրության կարիք ունի:

Ծանոթանալով <<Շենգավիթ>> թանգարանի ցուցադրությանը՝ դեսպանը առանձնապես տպավորվել է հայերի նախատիպ համարվող շենգավիթյան մարդու դեմքի վերականգնմամբ, որը 1960-ականներին Շենգավիթի դամբարաններից հայտնաբերված մարդկային ոսկորների հիման վրա վերականգնել է մարդաբան Անդրանիկ Ճաղարյանը: