gototopgototop

Երևանի գեղարվեստի թեքումով դպրոցների սաները երեկ մասնակցել են «Էրեբունի» արգելոց-թանգարանում անցկացվող թեմատիկ սեմինարներին

Տպել

images/trainingforartschoolsept272012.jpg

28.09.2012

Երեկ, 2012թ. սեպտեմբերի 27-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հյուրընկալեց Երևանի Ղ. Սարյանի անվ. արվեստի թիվ 1, Բ. Կանաչյանի անվ. արվեստի թիվ 17 և Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի թվով 15 աշակերտների`«Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում:

Որպես նախագծի մասնակցային գործընկեր` արգելոց-թանգարանն արդեն ամիսներ շարունակ ընդունում է վերոնշյալ դպրոցների ստեղծագործող սաներին` 10-15 տարեկան դպրոցականների, որոնք ունկնդրում են մեկնաբանություններ և բացատրություններ Էրեբունի ամրոցի պաշտամունքային-կրոնական, պալատական և տնտեսական կառույցների ճարտարապետության, պեղումներով բացահայտված առարկաների նյութի և նկարագրության վերաբերյալ: Հիմնական ցուցադրությանը ծանոթանալուց հետո , նրանք իրականացնում են նկարչության դասեր բուն հնավայրում:

Սեպտեմբերի 27-ին` սեմինարին ընդառաջ, նշյալ դպրոցների սաները սեմինարի լսարանը զարդարեցին Էրեբունի ամրոցին և Երևանին նվիրված իրենց աշխատանքներով: Շատերը փորձեցին սեմինարի ընթացքում ևս անել ճեպանկարներ: Երեխաները խոստովանեցին, որ անչափ սիրում են այցելել Հայաստանի հուշարձաններ և իրենց զգացածը թղթին հանձնել: Նրանք  նույնիսկ ասացին, որ Հայաստանի տասնյակ հազարավոր հուշարձաններից իրենց հավասարապես սիրելի են բոլորը:

Սեմինարի ավարտին Բ. Կանաչյանի անվ. արվեստի դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը շնորհակալություն հայտնեց արգելոց-թանագարանին և առաջարկեց սեմինարները դարձնել մշտապես գործող կրթական ծրագիր: Իսկ սեմինարի մասնակից դպրոցականներից  շատերն էլ արգելոց-թանգարանին  նվիրեցին Էրեբունի ամրոցին վերաբերող իրենց աշխատանքները:

Թեմատիկ սեմինարների հաջորդ դասը կկայանա 2012թ. հոկտեմբերի 2-ին` Երևանի Ն. Գոգոլի անվ. թիվ 35 դպրոցի աշակերտների մասնակցությամբ:

Սեմինարները նախապատրաստվել են Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության և նախագծի մասնակցային գործընկեր «Էրեբունի» արգելոց-թանգարանի կողմից` ՀՀ  կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ:

Նախագիծն իրականացվում է Վրաստանում (ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր), Հայաստանում (ԻԿՕՄՕՍ/Հայաստան , գործընկեր) և Ուկրաինայում («Architectura l Prestizh», գործընկեր):

Նախագծի շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին`«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: