29.09.2012
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսը` ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը` հայտնաբերումից մինչ օրս: Ողջունելով ներկաներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը անդրադարձավ պատմամշակութային ժառանգության պահպանության և այն հանրությանը մատչելի դարձնելու կարևորությանը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն առանձնակի ջերմությամբ ողջունեց Հայաստանի միացումը համաեվրոպական նախաձեռնությանը` Եվրոպական ժառանգության օրերին: Դեսպանը նշեց, որ տարեցտարի ընդլայնվող հայ-ֆրանսիական գիտամշակութային համագործակցությունը չի ավարտվում այս ցուցահանդեսով. Էրեբունիում այդ համագործակցությունը կշարունակվի ևս 4 տարի` մինչև 2015 թվականը: Նա նաև նշեց, որ թեև ցուցահանդեսը վերաբերում է Էրեբունի ամրոցին, սակայն հազարամյակների պատմություն ունեցող այդ հուշարձանը ևս մասն է կազմում եվրոպական ժառանգության:
Խոսքով հանդես եկավ նաև նախիջևանագետ Արգամ Այվազյանը: Եվրոպական ժառանգության օրերի համատեքստում նա մեկ անգամ ևս բարձրաձայնեց Ջուղայի պատմական գերեզմանատան բարբարոսաբար ոչնչացման փաստը, ինչը ոչ այլ ինչ է, քան եվրոպական մշակույթի աղքատացում: Գ. Գյուրջյանը շնորհակալություն հայտնեց Ա. Ռենոյին, հիշեցնելով, որ Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիներին այս համաեվրոպական տոնը պարգևել է հենց Ֆրանսիան` 1985 թվականին: Այնուհետև հյուրերն ու ներկաները դիտեցին ցուցահանդեսը , որը պատրաստվել էր «Էրեբունի» արգելոց-թանգարանի և Էրեբունիում գիտահետազոտական ծրագիր իրականացնող ֆրանսիական արշավախմբի հետ համատեղ:
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, 10-ամյա ընդմիջումից հետո արգելոց-թանգարանը հյուրերին ներկայացրեց նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» եռալեզու ճանաչողական նոր գրքույկը, որն ամփոփում է համառոտ ակնարկներ` Էրեբունի, Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Շենգավիթ հնագիտական հուշարձանների վերաբերյալ:
Նշենք նաև, որ սեպտեմբերի 29-30-ին արգելոց-թանգարանն ունեցել է 520 այցելուներ, որից 315-ը՝ դպրոցականներ և ուսանողներ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան