gototopgototop

Անրի Ռենո. Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանը չի կարող իր տեղը չունենալ եվրոպական մշակույթում

Տպել

images/anrireno290912.jpg

29.09.2012

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսը` ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը` հայտնաբերումից մինչ օրս: Ողջունելով ներկաներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը անդրադարձավ պատմամշակութային ժառանգության պահպանության և այն հանրությանը մատչելի դարձնելու կարևորությանը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն առանձնակի ջերմությամբ ողջունեց Հայաստանի միացումը համաեվրոպական նախաձեռնությանը` Եվրոպական ժառանգության օրերին: Դեսպանը նշեց, որ տարեցտարի ընդլայնվող հայ-ֆրանսիական գիտամշակութային համագործակցությունը չի ավարտվում այս ցուցահանդեսով. Էրեբունիում այդ համագործակցությունը կշարունակվի ևս 4 տարի` մինչև 2015 թվականը: Նա նաև նշեց, որ թեև ցուցահանդեսը վերաբերում է Էրեբունի ամրոցին, սակայն հազարամյակների պատմություն ունեցող այդ հուշարձանը ևս մասն է կազմում եվրոպական ժառանգության:

Խոսքով հանդես եկավ նաև նախիջևանագետ Արգամ Այվազյանը: Եվրոպական ժառանգության օրերի համատեքստում  նա մեկ անգամ ևս բարձրաձայնեց Ջուղայի պատմական գերեզմանատան բարբարոսաբար ոչնչացման փաստը, ինչը ոչ այլ ինչ է, քան   եվրոպական մշակույթի աղքատացում:  Գ. Գյուրջյանը շնորհակալություն հայտնեց Ա. Ռենոյին, հիշեցնելով, որ Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիներին այս համաեվրոպական տոնը պարգևել է հենց Ֆրանսիան` 1985 թվականին:  Այնուհետև հյուրերն ու ներկաները դիտեցին ցուցահանդեսը , որը պատրաստվել էր «Էրեբունի» արգելոց-թանգարանի և  Էրեբունիում գիտահետազոտական ծրագիր իրականացնող ֆրանսիական արշավախմբի հետ համատեղ:

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում,  10-ամյա ընդմիջումից հետո արգելոց-թանգարանը հյուրերին ներկայացրեց նաև  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» եռալեզու ճանաչողական  նոր  գրքույկը,  որն  ամփոփում է համառոտ ակնարկներ` Էրեբունի, Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Շենգավիթ հնագիտական հուշարձանների վերաբերյալ:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 29-30-ին արգելոց-թանգարանն ունեցել է 520 այցելուներ, որից 315-ը՝ դպրոցականներ և ուսանողներ:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան