gototopgototop

ԵՄ աջակցությամբ` կրթությունն ու մշակույթը կողք կողքի

Տպել

images/theeducationandculturesidebysideinsupportofeu171012.jpg

16.10.2012

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող կրթական նախագծերի շրջանակում 2012թ.  հոկտեմբերի 16-ին և 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կանցկացվեն  մշակութային և հնագիտական ժառանգությանը  նվիրված  2 թեմատիկ  սեմինարներ` դպրոցական ուսուցիչների համար:  Դպրոցների  ուսուցիչներից ձևավորված 1-ին խումբը ներկայացնում են մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների թիվ 29, 42, 54, 83, 148, 149 և 182 ավագ դպրոցների 15 ուսուցիչներ:

Հաշվի առնելով այն, որ ժամանակակից աշխարհում հանրակրթությունը ևս միտված է դառնալ բազմառարկայական և միջառարկայական, սեմինարները նպատակ ունեն աջակցել դպրոցում մշակութային ժառանգության մանկավարժության ներդրմանը:

Սեմինարները կանդրադառնան  ժառանգության  հասկացություններին  և դպրոցական ուսուցչի դերին` ժառանգության  ճանաչմանն ուղղված գործողությունների համատեքստում: Միաժամանակ կմեկնաբանվի ժառանգության պահպանության օրենսդրական շրջանակը` ազգային և միջազգային մակարդակներում: «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ  սեմինարը  կկենտրոնանա Երևանի բնօրրանի` Էրեբունի ամրոցի պատմությանը և պահպանության խնդիրների վրա` ուսուցիչներին առաջարկելով աշակերտի մեջ դպրոցական նստարանից սերմանել պատմական քաղաքի բնակիչ լինելու պատասխանատվությունը: Կազմակերպիչներն ակնկալում են արդյունավետ երկխոսություն` դպրոցի և ժառանգության պրոֆեսիանալների միջև` ի նպաստ ժառանգության մասին իրազեկության:

Թեմատիկ սեմինարները պատրաստվել են ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող  «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» Հ/Կ կողմից` ՀՀ Գիտության և կրթության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նախագծի  մասնակցային գործընկերն է:  Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ կողմից:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան