20.10.2012
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող կրթական նախագծերի շրջանակում 2012թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցան մշակութային և հնագիտական ժառանգությանը նվիրված 2 թեմատիկ սեմինարներ` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:
ՏԻՄ ծառայողներից ձևավորված 1-ին լսարանը ներկայացնում էին ՀՀ Արարատի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի, իսկ 2-րդ խումբը` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերից 3-ական ներկայացուցիչներ, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում տեղական ժառանգության պահպանության, խրախուսման և հանրահռչակման համար:
Հաշվի առնելով այն, որ ժառանգության պահպանությունը հասարակության բոլոր անդամների միջև բաշխված պարտավորություն է` սեմինարները նպատակ ունեին աջակցել համայնքներում մշակութային ժառանգության խրախուսմանն ու պահպանությանն ուղղված գիտելիքների ներդրմանն ու կիրառմանը:
Սեմինարները անդրադարձան ժառանգության հասկացություններին և համայնքային ծառայողի պարտավորություններին` ժառանգության ճանաչմանն ուղղված գործողությունների համատեքստում: Միաժամանակ մեկնաբանվեց ժառանգության պահպանության օրենսդրական շրջանակը` տեղական, ազգային և միջազգային մակարդակներում: «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարը թեև կենտրոնացված էր Երևան համայնքում Էրեբունի ամրոցի պատմությանը և պահպանության խնդիրների վրա, սակայն սեմինարի մասնակիցներին թույլ տվեց պատկերցում կազմել հնագիտական վայրերի պահպանության և հատկապես այն մասին, թե ինչպես վարվել դիպվածով գտնված հնագիտական առարկաների բացահայտման դեպքերում: Ինչպեսև ակնկալվում էր, սեմինարների ընթացքում ծավալվեց արդյունավետ երկխոսություն` տեղական իշխանության ներկայացուցիչների և ժառանգության պրոֆեսիանալների միջև` ժառանգության մասին իրազեկության աստիճանի բարձրացման շուրջ:
Թեմատիկ սեմինարները պատրաստվել են ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» Հ/Կ կողմից` ՀՀ Տարածաքային կառավարման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նախագծի մասնակցային գործընկերն է:
ԻԿՕՄՕՍ/Հայաստան Հ/Կ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան