gototopgototop

Seminar in Erebuni 05.06.2013

Print

images/erebuni05062013.jpg05.06.2013

ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրի շրջանակում նախորդ տարվանից Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում իրականացվող <<Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման>> նախագծի շրջանակում ս. թ. մայիսի 30-31-ին Թբիլիսիում տեղի է ունեցել 4-րդ տարածաշրջանային սեմինարը` միտված ժառանգության սեկտորում կարողությունների ամրապնդմանը: Թեմատիկ սեմինարը նվիրված է եղել հնագիտական վայրերի վերականգնման խնդիրներին և մոտեցումներին` քննարկումների կենտրոնում ունենալով Աթենքի ակրոպոլիսի օրինակը: Այն վարել է Աթենքի ակրոպոլիսի վերականգնման ծառայության վերականգնող-ճարտարապետ Լենա Լամբրինուն /Հունաստան/:

 

Հայաստանից սեմինարի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանը և Հայ-իտալական համատեղ մաստեր ծրագրի աշխատակից, ճարտարապետ Դավիթ Նահատակյանը: Վերջինս իր զեկույցում ներկայացրել է Էրեբունի հնավայրի պահպանության, վերականգնման և արժևորման հիմնախնդիրները` շեշտելով, որ Էրեբունին Երևան մայրաքաղաքի համար ունի այն նույն նշանակությունը, ինչ Աթենքի համար ակրոպոլիսը: Որպես առանցքային խնդիր` անդրադարձ է արվել պեղված հատվածներում հում աղյուսի շարունակական  քայքայման և այն պահպանելու մեթոդի ներդրման անհրաժեշտությանը:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներում առկա Շուլավեր-շոմութեփեյան մշակույթին վերաբերող կավակերտ և չթրծված կավե կառույցների առկայությունը` երիտասարդ հնագետ Ա. Պետրոսյանը հանդես է եկել <<Հում աղյուսի կառուցվածքների կանխարգելիչ պահպանությունը>> զեկույցով` առաջարկելով մեկտեղել տարածաշրջանի մասնագետների ջանքերն ու պոտենցիալը` հանուն այդօրինակ ժառանգության պահպանության:

ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրի շրջանակում իրականացվող <<Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման>> նախագիծը Հայաստանում համակարգվում է <<ԻԿՕՄՕՍ/Հայաստան>> հասարակական կազմակերպության կողմից: <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը նախագծի մասնակցային գործընկերն է:

Տարածաշրջանային 4-րդ սեմինարին մասնակցել են նաև երիտասարդ մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից և Ուկրաինայից: