gototopgototop

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը շարունակում է Էրեբունի ամրոցի պեղումները

Տպել

images/erebuniamroc070713.jpg

06.07.2013

Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008թ.-ից իրականացվող հայ-ֆրանսիական գիտատեխնիկական համագործակցության շրջանակում ս. թ. հուլիսի 2-ից մեկնարկել է 2013թ. պեղումների գործաշրջանը: Պեղումները կընթանան Խալդիի տաճարից դեպի արևելք տանող երթևեկելի առանցքով` նպատակ ունենալով կատարել ժամանակագրական ճշգրտումներ և պարզել երթևեկելի հատվածի նախնական նիշը:

Պեղումները կընդգրկեն նաև Խալդիի տաճարի արևելյան ճակատի երկայնքը: Հնագիտական միջամտություններին զուգահեռ կուսումնասիրվեն հնավայրի պեղվող հատվածներից հայտնաբերված խեցեղենն ու գտածոները, այդ տվյալները կհամադրվեն տաճարից հյուսիս գոյություն ունեցող կառուցվածքների տարրերի հետ` թույլ տալով մոտենալ սյունազարդ մեծ դահլիճի թվագրման խնդրին:

Գլոբալ առումով պեղումները թույլ կտան հասկանալ, թե արդյոք կյանքն Էրեբունիում  շարունակվել է ուրարտական վերջին ժամանակաշրջանից մինչև աքեմենյան տիրապետություն ընկած   միջակայքում: Դրանք թույլ կտան վերանայել նաև <<ապադանա>>-ի /հանդիսությունների սրահի/ թվագրությունը, որն ամենայն հավանականությամբ վերաբերում է Ք. ա. 6-րդ դարի 1-ին կեսին:

Հաշվի առնելով Էրեբունի ամրոցում օգտագործված նախնական շինանյութի` հում աղյուսի բեկունության բարձր աստիճանը` արշավախմբի և <<Էրեբունի>> արգելոց-թանգարանի մտահոգությունների կենտրոնում կլինի նաև նախորդ տարի պեղումներով բացված որոշ կառուցվածքների /ջրատարն իր ավազանով/ տևական պահպանության խնդիրը:   Կքննարկվի նաև պեղումների այս հատվածը բաց թողնելու և հանրությանը ներկայացնելու հնարավորությունը:

Էրեբունի ամրոցում 2013թ. պեղումների ձեռնարկողը <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանն է: Ֆրանսիական արշավախումբը, ինչպես և 2008-2012թթ.,  ղեկավարում է Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը: Հայկական կողմի աշխատանքները այս տարի ղեկավարում է արգելոց-թանգարանի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ Աննա Ազիզյանը: Պեղումները կտևեն 1 ամիս:

<<Էրեբունի>> արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ  հնագիտությամբ և հնագիտական ժառանգության պահպանության խնդիրներով հետաքրքրվողների համար ֆրանսիացի մասնագետները կանցկացնեն ճանաչողական դասախոսություններ, որոնց թեմաների և ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ: