gototopgototop

Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը

Տպել

images/roma200813.jpg

20.08.2013

Այս տարի արդեն 10-րդ անգամ Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին: 1991 թվականից Եվրոպայով մեկ իրականացվող  այս նախաձեռնությունը գնահատվում է որպես Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների կողմից սիրված և սպասված միջոցառումների շարք, ինչը թույլ է տալիս ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը: 1999 թվականից Օրերի մեկնարկը համատեղ են ազդարարում Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը:

Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ, այս օգոստոսի 30-ին քաղաքամայր Երևանի համար ամենից խորհրդանշական վայրում` <<Էրեբունի>> պատմահնագիտական  արգելոց-թանգարանում կբացվի լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանի հիմնադրմանը ժամանակակից մեկ այլ քաղաքի` հավերժական քաղաք Հռոմի ժառանգությունն ու  անկրկնելի գեղեցկությունը: Ցուցահանդեսը, որը կրում է <<Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը>> խորագիրը, ներկայացնում է դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ  Կարինե Դանիելյանի լուսանկարները` արված Իտալիայում իր դիվանագիտական առաքելության տարիներին:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից այս տարի առաջարկված  <<Ժառանգության ժառանգները>> խորագրի համատեքստում`ցուցահանդեսը հասցեագրված է Երևանի ժառանգներին` հիշեցնելով  պատմական քաղաքի բնակիչ լինելու յուրաքանչյուրիս պարտավորությունը:  Այն մտածված է որպես  Եվրոպայի գանձարան համարվող քաղաքով շրջայց` լուսանկարների միջոցով: Ցուցահանդեսի սկիզբը և ավարտը կխորհրդանշեն 2 պատկերազարդ պաստառներ` ներկայացնելով խաչվող հայացք Հռոմից Երևան: Ցուցահանդեսը Հռոմի և Հռոմից 29 տարով ավելի հին քաղաքի` Էրեբունիի հիմնադրման պատմությունները համադրելու և քաղաքամայր Երևանի բնօրրանի մշակութային նշանակության և պահպանության շուրջ մտորելու այցելուին ընձեռված մի նոր հնարավորություն է:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013թ. օգոստոսի 30-ին, ժամը 13:00-ին: Այն կգործի մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը: