gototopgototop

<<Էրեբունի>> արգելոց-թանգարանը միացավ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին

Տպել

images/erebunijehd300813.jpg

30.08.2013

Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ` այսօր` 2013թ. Օգոստոսի 30-ին, <<Էրեբունի>> պատմահնագիտական  արգելոց-թանգարանում բացվեց լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանին հասակակից մեկ այլ քաղաքի` Հռոմի ժառանգությունն ու  անկրկնելի գեղեցկությունը:

Քառասուն անկրկնելի պատկերներ` Կոլիզեումը, Կայսերական պողոտան, Տրայանոսի և Հռոմեական ֆորումները, Պանթեոնը, Տրևի շատրվանը, Վատիկանը, Կապիտոլիումի բլուրը, վիլլա Պամֆիլին, վիլլա Բորգեզեն,    մոնումենտալ ժառանգության այլ օրինակներ այցելուին փոխանցեցին Հռոմի ոգին և պատմական միջավայրը: Եվրոպայի այցեքարտ համարվող  <<հավերժական քաղաք Հռոմի>>  40 տեսարաններ մինչև հոկտեմբեր վերջ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացնեն քաղաքի պատմական շինությունները` ընդգծելով, որ ժառանգությունը մեր կենսամիջավայրի գեղեցկության երաշխավորն է : Ցուցահանդեսը կրում է <<Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը>> խորագիրը և ավարտվում է երևանցիներին ուղղված կոչով` <<Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին>> :

Հանդես գալով բացման խոսքով` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը հույս  հայտնեց, որ այս ցուցահանդեսը այցելուների մոտ կձևավորի նոր վարքագիծ և վերաբերմունք դեպի Էրեբունի հնավայրը` մեր քաղաքի ծննդավայրը:

Ցուցահանդեսի բացումը և Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության աշխատակցուհի Անահիտ Թովմասյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը :

Ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը դիմելով ներկաներին` հիշեցրեց, որ ժառանգության պահպանությունը նաև հասարակական պարտավորություն է, իսկ  ժառանգությանը պատճառված վնասները անդառնալի կորուստներ են :

Ցուցահանդեսը 1-ինը դիտելու պատիվ ունեցան նաև Գերմանիայից ժամանած տասնյակ զբոսաշրջիկներ : <<Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը>> ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը: