gototopgototop

Մաեստրո Հովհ. Չեքիջյանի տարեդարձը Էրեբունիում

Տպել

images/cheqijyan85.jpg

26.11.2013

Այսօր  մայրաքաղաք Երևանի օրրանում` <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանից մեկնարկեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:

Մեծանուն խմբավարի հետ հանդիպման առիթով արգելոց-թանգարանն իր հարկի ներքո էր հյուրընկալել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության պատասխանատուների և մասնագետների, ովքեր եկել էին իրենց սրտի խոսքը փոխանցելու վաստակաշատ գործչին, մեծ պրոֆեսիոնալին և առաքինի քաղաքացուն:

Բացելով մեծարման միջոցառումը` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնավորապես ընդգծեց, որ եթե արդեն մեկ տասնամյակ է, ինչ աշխարհը կատարողական վարպետությունները  դիտարկում է որպես ոչ-նյութական ժառանգություն և կոչ է անում դրանք պահպանել ու փոխանցել ապագա սերունդներին, ապա Հովհ. Չեքիջյանն արդեն կես դար շարունակ ստանձնել է այդ բարձր առաքելությունը`Հայաստանի կապելլան հաստատապես տեղավորելով մեր մշակույթի ազգային գանձարանում:

Դաշնակահար Միքայել Գաբրիելյանի կատարումների ուղեկցությամբ ներկաները դիտեցին <<Մեր ժամանակի հերոսը>> խորագիրը կրող տեսաշարը` պատրաստված արգելոց-թանգարանի և <<Ֆոտոլուր>> գործակալության գործընկերությամբ: Այն ներկայացնում էր մաեստրոյի լուսանկարների ընտրանին` ներառելով նաև արխիվային լուսանկարներ Նեմրութի արխիվից:  Շատ լուսանկարներ անակնկալի բերեցին մաեստրոյին և նա փորձեց ներկաների համար մեկնաբանել դրանք:

Մաեստրոյին ողջունեցին և բարեմաղթանքներ հղեցին ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Ս. Գեղամյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Ա. Աբրոյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ա. Իսահակյանը, Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Ա. Ասատրյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Գ. Սարգսյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հ. Սիմոնյանը, Հայաստանի երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գ. Նահատակյանը, <<Արվեստների պատկերասրահ>> հիմնադրամի նախագահ Մ. Շահինյանը:  Բոլոր ելույթ ունեցողները նշեցին, որ Հովհ. Չեքիջյանի աշխատանքի և նվիրումի շնորհիվ Հայաստանի ակադեմիական երգչախումբը դարձավ միասնականության և կարգապահության օրինակ:  Հայաստանի ակադեմիական երգչախմբից ներկա երգիչ-երգչուհիները կատարեցին Երևանի օրհներգը` <<Էրեբունի-Երևանը>>` այն նվիրելով մաեստրոյին, ով նաև Երևանի պատվավոր քաղաքացի է:

Միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին ուղղված իր  շնորհակալական խոսքում հայ երգչախմբային արվեստի մեծանուն երախտավորը ասաց հետևյալը` <<Շնորհակալ եմ աստծուց, որ ինձ շնորհել է ունակություններ, որոնցով ես կարողացել եմ բարձրացնել իմ հայրենիքը: Ես հարուստ ու երջանիկ եմ` իմ հայրենիքին ծառայելով>>: