gototopgototop

<<Էրեբունի>> արգելոց-թանգարան – 45 տարի անց

Տպել

images/erebuni45.jpg

12.12.2013

Վաղը` դեկտեմբերի 13-ին, <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը աշխատանքային տարին կամփոփի հանդիսավոր միջոցառմամբ, որը կկրի <<Էրեբունի 45>> անվանումը: 45 տարի առաջ ներկայանալով մեր հասարակությանը` Էրեբունի հնավայրն ու թանգարանը  դարձան Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի պատմության ուշագրավ մի դրվագ` հասանելի ոչ միայն գիտական, այլ նաև լայն հանրությանը:

Էրեբունի քաղաք-ամրոցի վերականգնումը և արգելոց-թանգարանի ստեղծումը խորհրդային տարածքում  դարձան եզակի երևույթ, ինչը թույլ տվեց միջազգային հարթակներում խորհրդային տարածքը համեմատել Եգիպտոսի, Բաբելոնի, Աթենքի և այլ հին քաղաքակրթությունների հետ:  <<Էրեբունի>> արգելոց-թանգարանի ստեղծումը դարձավ արժանապատվորեն ներկայանալու ամբիցիա ոչ միայն երևանցիների, այլ նաև աշխարհասփյուռ հայության համար:

1968թ. հոկտեմբերի 19-ին իր դռնելը բացելով հանրության առջև` Էրեբունին սկսեց իր այցելուին Երևանը ներկայացնել որպես աշխարհի հնագույն մայրաքաղաք, որը հիմնադրվել էր 2750 տարի առաջ: Երևան-2750-ի հանդիսություններն այնքան անմոռանալի էին, որ Էրեբունի-Երևանը դարձավ քաղաքի ամենամյա տոն:

Արդեն 45 տարի շարունակ <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը անում է ամեն ինչ`  անցյալը ճանաչելի դարձնելու, ներկայի նկատմամբ ուշադրությունը խթանելու և ապագայի նկատմամբ պատվախնդիր լինելու ուղղությամբ:  2013-ը ամփոփելով  իր հիմնադրման 45-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ, արգելոց-թանգարանը նպատակ է հետապնդում  անցած ուղին ներկայացնել նոր ծրագրերի համատեքստում` Երևանի հիմնադրման 2800 ամյակին ընդառաջ: Արգելոց-թանգարանն ակնկալում է, որ 2018-ի  հանդիսությունների առանցքում կդրվի հնավայրի նոր կերպարը և թանգարանի նոր ցուցադրությունը:

<<Էրեբունի 45>> միջոցառումը ոչ միայն  անդրադարձ է հնավայրի ու թանգարանի բացմանը, այլ նաև, նոր ընկալումների համատեքստում` այս եզակի հնագիտական հուշարձանի տևական պահպանության և ապագայի  ամրագրում: Միջոցառման շրջանակում կներկայացվի նաև <<Էրեբունի 45>> արխիվային լուսանկարների ալբոմը` որպես երախտիքի խորհրդանշան բոլոր այն մարդկանց, բարձրաստիճան պաշտոնյայից մինչև թանգարանի ցուցանմուշների պահապան, ովքեր,  իրենց աշխատանքով մեր քաղաքին նվիրեցին և ապագա սերունդներին կտակեցին այս եզակի ժառանգությունը:

Միջոցառումը տեղի կունենա 2013թ. դեկտեմբերի 13-ին ժամը` 14:00-ին, Էրեբունի թանգարանում ( ք.Երևան, Էրեբունի 38, հեռ. +374 10 43-26-61):