gototopgototop

<<Էրեբունի>> արգելոց-թանգարանն ամփոփեց աշխատանքային տարին

Տպել

images/erebuni45gyurjyan.jpg

13.12.2013

Այսօր <<Էրեբունի>> արգելոց-թանգարանն ամփոփեց աշխատանքային տարին` գործընկերների ու բազմաթիվ հյուրերի հետ նշելով արգելոց-թանգարանի հիմնադրման 45-րդ տարեդարձը:

<<Էրեբունի. 45 տարի անց>> խորագրի ներքո  արգելոց-թանգարանում էին հավաքվել մտավորականներ, ժառանգության պահապաններ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, Երևանի պատվավոր քաղաքացիներ, արգելոց-թանգարանի բոլոր տնօրենները, նախկին աշխատակիցներ:

<<Էրեբունի>> արգելոց-թանգարանի 45-ամյա աշխատակազմին շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը:  ՀՀ վարչապետի ուղերձում մասնավորապես ասված էր. <<Արդեն 4 տասնամակ և ավելի  տարիներ, դուք  արժանապատվորեն մեր հասարակությանն ու հանրապետության հյուրերին եք ներկայացնում մեր քաղաքի ծնունդը, ամրապնդում երևանցու պատմական հիշողությունը, հոգ տանում և մշտական խնամք ապահովում, որ ժամանակակից Երևանի քաղաքաշինական հյուսվածքում Էրեբունի-քաղաք ամրոցը չկորցնի իր իսկությունը և անբաժանելի լինի մայրաքաղաքի դիմագծից>>:

Բացելով միջոցառումը` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը ընդգծեց, որ այս նախաձեռնությունը  երախտագիտության արտահայտություն է ուղղված բոլոր նրանց, ովքեր իրենց իրավասությունների սահմանում նպաստել են ժառանգության այս եզակի օրինակի` Էրեբունի ամրոցի և թանգարանի պահպանությանն ու կայացմանը:  Նա նաև ընդգծեց, որ <<գիտական բովանդակությունից զատ հնագիտական ժառանգությունը իր մեջ նաև ուղերձներ է կրում, իսկ Էրեբունիի գլխավոր ուղերձը մեր քաղաքի տարիքն է: Այսինքն` Էրեբունին մեր հանրապետության և աշխարհասփյուռ հայության համար ապահովում է հավաքական հպարտություն>>:

Խոսելով արդի խնդիրներից` Գ. Գյուրջյանը նշել է, որ այսօր պահպանելով թանգարանի դասական կերպը` արգելոց-թանգարանը փորձում է նաև հասարակությանը ներկայանալ որպես և մշակութային, և գիտական, և ժամանցային, և կրթական և զբոսաշրջային վայր, ինչը, սակայն,  45 տարի առաջ իրականացված վերականգնումներով և 30 տարվա վաղեմության ցուցադրությամբ դժվար է ապահովել: Նա նաև շեշտել է, որ անհրաժեշտ է այսօրվանից մտորել, թե ինչպես ներկայանալ Երևանի 2800 և արգելոց-թանգարանի հիմնադրման 50-ամյակներին:

Ժառանգության պահպանության բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության  և արգելոց-թանգարանի 45-րդ տարեդարձի առթիվ թանգարանի 1-ին տնօրեն Սուրեն Նարիմանյանը, ով նաև ներկա էր միջոցառմանը, պարգևատրվեց է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Իր շնորհակալական խոսքում Ս. Նարիմանյանը ասաց հետևյալը. <<Շնորհակալություն արգելոց-թանգարանին, որ պատվախնդրորեն անում է այն, ինչ ես չեմ հասցրել իրագործել >>:

Տարեդարձի առթիվ <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը հրատարակել էր 1968թ. հոկտեմբերի19-ին բացված հնավայրի ու թանգարանի արխիվային լուսանկարների ալբոմ, ուր զետեղվել են նաև պատառիկներ` արգելոց-թանգարանի պատվավոր հյուրերի գրառումներից: