gototopgototop

Museums Night 2014

Print

images/tangarannerigisher2014.jpg

13.05.2014

Այս մայիսի 17-ին ժամը 18:00-ից արդեն 10-րդ անգամ Եվրոպայի թանգարանները միասին կազդարարեն Թանգարանների եվրոպական գիշերը` Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին ընդառաջ: ԻԿՕՄ-ի կողմից առաջադրված  <<Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր>> խորագրի ներքո Եվրոպայի բազմամիլիոն հասարակությունը կրկին կհամախմբվի թանգարանների շուրջ` ընդգծելով  այցելուներ-սերունդներ-մշակույթներ կապը:  Ստեղծումից ի վեր անմիջապես դառնալով համաեվրոպական նախաձեռնություն` Թանգարանների եվրոպական գիշերը այս տարի իր տասնամյակը կնշանավորի նաև Հայաստանի Հանրապետությունում:

Երևանի քաղաքապետարանի <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը մայիսի 17-ին իր այցելուներին կընդունի արևամուտից մինչև կեսգիշեր` փորձելով տոն պարգևել իր հին ու նոր այցելուներին:

 

<<Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր>> խորագրի համատեքստում թանգարանը գիշերասեր այցելուներին կներկայացնի ճանաչողական ֆիլմ` մարդկության հիշողություն համարվող աշխարհահռչակ Բրիտանական թանգարանի հավաքածուների վերաբերյալ: Ֆիլմը, ոը 2013թ. ամռանն արգելոց-թանգարանին է նվիրել ճանաչողական այցով Էրեբունի այցելած Բրիտանական թանգարանի պատվիրակությունը, 40 րոպե տևողությամբ յուրօրինակ շրջայց է թանգարանի սրահներով: Այն այցելուին կծանոթացնի թանգարանի ամենահայտնի առարկաներին և, միաժամանակ, ամեն մեկին հնարավորություն կտա պատկերացնել իր տեղը համաշխարհային պատմության մեջ: Ֆիլմը կցուցադրվի ժամը մեկ պարբերականությամբ (ժամը` 18:00, 19:00, 20:00)` ընդմիջվելով  <<Վան>> ազգագրական համույթի երգ ու պարի կենդանի կատարումներով: <<Ուրֆանե>>, <<Սեբաստիո>>, <<Զընգըրթա>> պարերը, <<Ամռան գիշեր>>, <<Աշնան գիշեր>>, <<Ճախարակ>> և այլ երգերը  այցելուին գուցեև կտանեն Վան-Ուրարտուի ոչ նյութական մշակույթի ակունքներ:

<<Էրեբունի>> արգելոց-թանգարանի պատանի հնագետները ևս կմիանան Թանգարանների գիշերվան`  իրենց հասակակիցներին հրավիրելով ժամը 17:00-19:00-ի սահմաններում դիտել ուսումնական պեղավայրում ընթացող պեղումները, ինչը, անկասկած, կխթանի շատերի հետաքրքրությունը դեպի այդ առեղծվածային աշխարհը` հնագիտությունը:

Թանգարանում մշտապես նոր ցուցանմուշ փնտրող այցելուների համար միայն մայիսի 17-ին Էրեբունի թանգարանը <<Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն>> խորագրի ներքո իր ֆոնդապահոցից 1-ին անգամ կներկայացնի Ք. ա. 8-րդ դարով թվագրվող ագաթե կոճակ` հայտնաբերված Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտ պեղված մանկահասակ աղջկա դամբարանից:

Մայիսի 17-ին ժամը 21:00-ից Էրեբունին համացանցով կմիանա <<Գեղադիտակ>> միջազգային նախագծին` թանգարանի կողային բակում կազմակերպված վիրտուալ պատին դիտելով Թանգարանային գիշեր-2014-ը ներկայացնող լուսանկարներ` արված սմարտֆոններ ունեցող այցելուների կողմից: Այս նախագիծը Գիշերվա բոլոր մասնակիցներին կմիավորի լուսանկարների մեկ ալբոմում` դառնալով կապերի ու հաղորդակցության, բարձր տրամադրության և յուրօրինակ մրցույթի  հրաշալի միջոց:

Էրեբունիում հոբելյանական Թանգարանային գիշերվա գործընկերը ABCConnexion կազմակերպությունն է:

<<Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր>> խորագրի շրջանակում խթանելով միջթանգարանային համագործակցությունը` <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը Երևանի քաղաքապետարանի <<Կարեն Դեմիրճյան>> թանգարանին ժամանակավոր ցուցադրության կտրամադրի ուրարտական որմնանկարների 6 կրկնօրինակներ: Ժամանակավոր ցուցադրությունը կկրի  <<Անակնկալ գիշերով>> խորագիրը` իրապես անակնկալի բերելով <<Կարեն ԴԵմիրճյան>> թանգարանում ուրարտական մշակույթի դրվագների հանդիպող այցելուներին:

 

Այցելի՛ր Էրեբունի մայիսի 17-ին,

մասնակցի՛ր Գիշերվա 10-րդ տարեդարձին և

քեզ հետ տուն տա՛ր հիշարժան տպավորություններ ու տրամադրություն: