gototopgototop

Հնագիտությունը հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության բնագավառ

Տպել

images/armenianfrance180614.jpg

18.06.2014

Երեկ, 2014թ. հունիսի 17-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ մեկօրյա կոնֆերանս`նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև ծավալվող գիտական համագործակցությանը հնագիտության բնագավառում: Հայաստանի անկախության 1-ին իսկ տարիներից համատեղ  իրականացվող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերը կարևոր արդյունքներ են արձանագրել`

Հայաստանի հնագիտական ժառանգությունը ճանաչելի դարձնելով միջազգային մասնագիտական հարթակներում և հեղինակավոր գիտական հանդեսներում:

Կոնֆերանսին, որի կազմակերպիչներն էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայկական Ալիանս ֆրանսեզը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ներկայացվեցին  ամփոփ զեկուցումներ <<Կովկաս>> հնագիտա-երկրաբանական առաքելության (Տարածաշրջանի բնակեցումը նախապատմական ժամանակաշրջանում), Երերույքի (Հասարակարգերի պատմությունը միջնադարում), և Էրեբունիի (Ուրարտական և Աքեմենյան ժամանակաշրջաններ) հայ-ֆրանսիական արշավախմբերի համաղեկավարների կողմից:

Էրեբունիի հայ-ֆրանսիական պեղումների ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ  ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը, որի ելույթին հետևեց <<Էրեբունի>> արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի խոսքը:

Կարևորելով 2008-ից ամրոցի միջնաբերդի Խալդի աստծո տաճարի շրջակայքում տարվող հայ-ֆրանսիական ուսումնասիրությունները` Գ. Գյուրջյանը մասնավորապես նշեց , որ դրանց արդյունքները վստահելի հիմք են ձևավորում միջնաբերդում նախատեսվող ամրակայումների և վերականգնումների տեսանկյունից: Նա նաև ընդգծեց, որ հայ-ֆրանսիական համատեղ պեղումները մեծապես նպաստել են Էրեբունի հնավայրի արժեքի գիտակցմանը հասարակության կողմից և նոր տեսանելիություն են ապահովել հուշարձանի համար:

Հանդես գալով կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով` ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ևս անդրադառնալով Էրեբունիում իրականացվող 2-րդ քառամյա ծրագրին, այն բնորոշեց որպես արդյունավետ ու հաջողված օրինակ, որի արդյունքները հասանելի են և' գիտական հանրությանը, և' իշխանություններին և' հասարակությանը:

Հայ-ֆրանսիական համագործացությունը բարձր գնահատեց նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը` նշելով, որ այն անգնահատելի փորձի լաբորատորիա է երիտասարդ հնագետների համար:

Էրեբունիի հայ-ֆրանսիական արշավախումբի պեղումները կվերսկսվեն օգոստոսի վերջից և կտևեն 1 ամիս: