gototopgototop

Եվրոպական ժառանգության օրեր «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Տպել

images/heritageday2014.jpg

2014թ. սեպտեմբերի 27-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը «Ուրարտուի մետաղը» ցուցահանդեսով կմիանա Հայաստանում սեպտեմբերի 27-28-ին անցկացվող Եվրոպական ժառանգության օրերին` Օրերի նշանակության համատեքստում իր դռները բացելով հանրության առջև:

Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում այցելուին կներկայացվեն տարբեր տարիներին Արին բերդ, Կարմիր բլուր, Երևանի բիայնական դամբարան, Եղեգնուտ, Նորատուս, Սարիգյուղ հնավայրերի պատահական և սիստեմատիկ պեղումներով հայտնաբերված շուրջ 172 մետաղյա (բրոնզ, երկաթ, ծարիր) գտածոներ, որոնց մեծ մասը ցուցադրվում է բացառապես առաջին անգամ:

Ներկայացված նյութերը բնորոշ են Ուրարտուի և Հայկական բարձրավանդակի  Ք. ա. Ι հազ. մշակույթին և պատմում են ուրարտական պետության հարուստ մետաղագործական ավանդույթների մասին` մասնավորապես ներկայացնելով կիրառական արվեստը, զինարվեստը (նվիրատվական և մարտի համար կիրառելի զենքեր), զարդերը և կենցաղային, ծիսական տարբեր առարկաներ:

Ցուցահանդեսը կնշանավորվի նաև նոր կատալոգի շնորհանդեսով, որտեղ տեղ են գտել ցուցահանդեսում ներկայացված իրերի մի մասը:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» արգելոց-թանգարանում, 2014թ. սեպտեմբերի 27-ին, ժամը` 12:00-ին (ք. Երևան, Էրեբունի փող. 38): Այն կգործի մինչև 2014թ. նոյեմբերի 27-ը: