gototopgototop

Թանգարանների գիշերը Էրեբունի արգելոց-թանգարանում

Print

Այս տարի մայիսի 16-ին, ժամը 18:00-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ մշակութասեր հանրությանը ներկայացնելով բազմաբնույթ միջոցառումներ: «Թանգարանները հանուն կայուն հասարակության» խորագրի համատեքստում իրիկնամուտից մինչև կեսգիշեր արգելոց-թանգարանն իր հարկի տակ կընդունի հազարավոր այցելուների, ովքեր բացի հիմնական ցուցադրությունը դիտելուց, կարող են ծանոթանալ նաև «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» ժամանակավոր ցուցահանդեսին՝ վայելելով դասական հաճելի երաժշտություն:

Գիշերը թանգարանում կմեկնարկի հնագիտական հուշարձաններին, ի մասնավորի, Արևմտյան Հայաստանի հուշարձաններին նվիրված դասախոսություններով, որոնք ցուցադրական նյութերով կներկայացնեն իրենց փորձով և գիտելիքներով հայտնի հայ հնագետները:

Էրեբունի թանգարանը կմիանա նաև «Գիշերվա Թվիթուոլ» /“Tweetwall of the Night”/ թվանշայնացված հատուկ ծրագրին, որը մշակված է 11-րդ Թանգարանների եվրոպական գիշերվա մասնակից թանգարանների համար: Այս ծրագիրը այցելուներին առաջարկում է Թանգարանային գիշերվա շրջանակում առցանց կիսվել իրենց տպավորություններով՝ նկարների և թվիթթերների միջոցով, որոնք կհավաքվեն և կցուցադրվեն բոլոր մասնակից թանգարաններում՝ ծրագրի համար նախատեսված էկրանների վրա:Թանգարանների միջազգային օրը այս տարի Հայաստանում նշվող՝ «Թանգարաններ. Հիշողության վկաներ» կարգախոսին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հատուկ բեմադրված միջոցառմամբ կմիանան Երևանի թիվ 119 ավագ դպրոցի սաները: Ժամը 20:00-ից թանգարանի հարակից հրապարակը կվերածվի յուրօրինակ բեմահարթակի, որտեղ կթևածեն ժողովրդական երգն ու պարը՝ «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խմբի ներկայացմամբ: Թանգարանային գիշերվա մասնակիցներին 1 ժամ շարունակ երաժշտական տոն կպարգևի հեղինակ–կատարող Արմինե Հայրապետյանը՝ «Ես գնում եմ հանդիպման» համերգային ծրագրով: Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կավարտվի կեսգիշերին՝ Էրեբունի քաղաք-ամրոցում զբոսնելով, մեկմեկու Գիշերվա տպավորությունները հաղորդելով և ամրոցի բարձրունքից Երևանի համայնապատկերը դիտելով:

«Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ: 2015թ. ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային օրը Հայաստանում նշվում է «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԻՇԵՐ--2015

ԾՐԱԳԻՐ

Ժամը՝ 18:00-24:00

Ժամանակավոր ցուցահանդեսի դիտում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ժամը՝ 18:00-19:30

  1. Հայկ Ավետիսյան. «Հնագիտության արդի հիմնախնդիրները»
  2. Հայկ Հակոբյան. «Հին Հայաստանի զույգ քաղաքները»
  3. Աշոտ Փիլիպոսյան. «Զորաց քարեր. զուգահեռներ Արևմտյան Հայաստանի և Արևմտյան Եվրոպայի հուշարձանների հետ»
  4. Միքայել Բադալյան. «Էրեբունուց Կարմիր բլուր. Թեյշեբաինի քաղաքի հիմնադրման պատճառների շուրջ»

19:30-20:30

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցի աշակերտների ներկայացմամբ

20:30-21:00

Ներկայացնում է «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը

21:00-22:00

Թանգարանային գիշերվա հյուրն է հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը

22:00-24:00

«Էրեբունի» արգելոց-թանգարանի ծրագիրը կարող եք զննել նաև`

http://museu.ms/museum/details/16554/erebuni-historical-archaeological-museumreserve

http://nuitdesmusees.culturecommunication.gouv.fr/Programme