gototopgototop

Եվս մեկ Թանգարանների գիշերվա պատմություն

Տպել

2015թ. մայիսի 16-ին, ժամը 18:00-24:00 «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, միանալով «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝  իր հարկի տակ ընդունեց 4000-ից ավելի այցելուների: Ժամը 18:00-ին թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում մեկնարկեց Արևմտյան Հայաստանի հուշարձաններին նվիրված դասախոսությունների շարքը, որոնք ներկայացրեցին հայտնի հնագետներ՝ Հայկ Ավետիսյանը, Հայկ Հակոբյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Միքայել Բադալյանը: Թանգարանի մշտական ցուցադրությունը, ինչպես նաև «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը Գիշերվա այցելուները մինչև կեսգիշեր դիտեցին դասական երաժշտության ուղեկցությամբ: «Թանգարաններ. Հիշողության վկաներ» կագախոսին միացան Երևանի թիվ 119 ավագ դպրոցի աշակերտները՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմամբ: 1 ժամ շարունակ անկրկնելի պարային բեմադրությամբ, ինչպես նաև ազգային երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը: «Վարք հայոց»-ի ելույթի ողջ ընթացքում Գիշերվա մասնակիցները ինքնաբուխ երգեցին ու պարեցին՝ արգելոց-թանգարանի հարակից հրապարակը վերածելով իսկական բեմի:

Էրեբունիում Թանգարանների գիշերվա պատվավոր հյուրն էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա,  միանալով Գիշերվա տոնական միջոցառումներին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ՝ այցելեց թանգարան, ծանոթացավ «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» ժամանակավոր ցուցահանդեսին, ապա Թանգարանների գիշերվա մյուս մասնակիցների նման զբոսնեց Էրեբունի միջնաբերդում:

Ժամը 21:00-ին գիշերասեր այցելուներին ողջունեց հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը՝ երաժշտական տոն պարգևելով Գիշերվա մշակութասեր մասնակիցներին: Նրա երգերը զուգահեռաբար երգում էին գրեթե բոլոր հանդիսականները: Երգչուհու կատարումներից ոգեշնչված՝ այցելուները ևս միացան տոնական համերգին՝ մինչև կեսգիշեր նվագելով ու երգելով բոլորին հայտնի ու սիրելի երգեր: Գիշերն Էրեբունիում ամփոփվեց Էրեբունի միջնաբերդում՝ գիշերային լույսերի ներքո զբոսնելով ու բարձրունքից մայրաքաղաքի համայնապատկերը դիտելով: