gototopgototop

Եվրոպական ժառանգության օրերն Էրեբունի արգելոց-թանգարանում

Տպել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այս տարի սեպտեմբերի 26-ին Եվրոպական ժառանգության օրերին կմիանա  միջոցառումների հատուկ ծրագրով: Հանդիսանալով Եվրոպայի հազարավոր քաղաքացիների կողմից սիրված և  սպասված նախաձեռնություն՝ Եվրոպական ժառանգության օրերի անցկացումն ազգային արժեքները որպես Եվրոպայի մեկ ընդհանուր ժառանգություն դիտարկելու կարևոր  իրադարձություն  է: Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը «Էրեբունի» արգելոց-թանգարանում կնշանավորվի նոր ցուցահանդեսի բացմամբ, որը կրում է «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» խորագիրը: Այն կիրականացվի Իրանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շրջանակում:

Թանգարանի ներքին բակում ներկայացվող պատկերազարդ պաստառների ցուցահանդեսն  իր այցելուներին մտովի կտեղափոխի ուրարտական և աքեմենյան դարաշրջաններ՝ ներկայացնելով, այսօր արդեն, Համաշխարհային ժառանգության մաս կազմող եզակի հուշարձանի՝ Պերսեպոլիսի և Հայաստանի հնագիտական ժառանգության կարևոր արժեքի՝ Էրեբունիի  պատմությունն ու մշակույթը: Այն երկու հնագույն քաղաքների մշակույթներում առկա փոխազդեցությունները համադրելու, ինչպես և, նրանց մշակութային կարևոր նշանակության և պահպանության շուրջ մտորելու՝ այցելուին ընձեռված նոր հնարավորություն է: Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերը 2015թ.  անց են կացվում  ՀՀ Մշակույթի նախարարության կողմից առաջարկված «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Էրեբունի» արգելոց-թանգարանը միանալով վերոնշյալ խորագրին՝ ՀՀ Մշակույթի նախարարության Երաժշտագիտական գրադարանի հետ համատեղ սեպտեմբերի 26-ին կիրականացնի նաև «Վանի տարածաշրջանի ժողովրդական երգարվեստը» համերգային ծրագիրը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հետևանքով լքված Արևմտյան Հայաստանի հարուստ ժառանգության մի փոքրիկ պատառիկը:  Երաժշտագիտական գրադարանի երգչախմբի մասնակցությամբ ժողովրդական երգերի մի ամբողջ շարան կնվիրվի  թանգարանի երաժշտասեր այցելուներին: Օրերի շրջանակում իրականացվող միջոցառումներն արգելոց-թանգարանում կավարտվեն ուրարտական և աքեմենյան հնագույն մշակույթների վերաբերյալ հետաքրքիր դասախոսություններով, որոնք կանցկացնեն Իրանի և Հայաստանի հնագիտության, մշակույթի և արվեստի լավագույն մասնագետները:

«Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2015թ. սեպտեմբերի 26-ին ժամը 12:00-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանում: