gototopgototop

Նոր ցուցահանդես Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում

Տպել

2015թ. սեպտեմբերի 26-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ Իրանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի /Թանգարանների միջազգային խորհուրդ/ և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով:

Բացման խոսքով հանդես եկավ արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը՝ ներկայացնելով Օրերի խորհուրդն ու ընդգծելով, որ դրանց շրջանակում բացվող նոր ցուցահանդեսը երկու եզակի հնավայրերի մշակութային կարևոր նշանակության և պահպանության շուրջ մտորելու նոր հնարավորություն է:

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը և ցուցահանդեսի բացումը ողջունեցին Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի հայաստանյան միջոցառումների ազգային համակարգող Գոհար Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, Երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գուլիկո Նահատակյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած ԻԿՕՄ-ի տնօրեն Սայեդ Մուհամեդ Բեհեշթին և Գործադիր խորհրդի անդամ Ալիրեզա Ղոլինեժադը, ինչպես նաև Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը: Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց «Վանի տարածաշրջանի ժողովրդական երգարվեստը» խորագրով համերգը՝ Երաժշտագիտական գրադարանի երգչախմբի փայլուն կատարումներով: Թանգարանի այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին նաևՊերսեպոլիսի մասին ֆիլմը, որից հետո անցկացվեցին դասախոսություններ Էրեբունիի և Պերսեպոլիսի վերաբերյալ: Օրվա, թերևս, ամենահիշարժան պահը Իրանի և Հայաստանի միջև նոր մշակութային համագործակցության Հուշագրի ստորագրումն էր, որն իրականացրեցին Իրանի ԻԿՕՄ-ի, Հայաստանի ԻԿՕՄ-ի և Հայաստանի ԻԿՕՄՕՍ-ի ազգային կոմիտեների նախագահները:

«Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսը կգործի մինչև 2015թ. հոկտեմբերի 26-ը: