gototopgototop

Պերսեպոլիսի տնօրենն այցելել է Էրեբունի արգելոց-թանգարան

Տպել

2015թ. սեպտեմբերի 30-ին, Էրեբունի արգելոց-թանգարան է այցելել Իրանի Պերսեպոլիս /Թախտեջամշիդ/ թանգարանի տնօրեն Սեյեդ Ռեզաին: Էրեբունի թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ Պերսեպոլիսի տնօրենը նախ ծանոթացել է թանգարանի մշտական ցուցադրությանը, ապա դիտել օրեր առաջ թանգարանում բացված «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Իրանի ԻԿՕՄ-ի և Էրեբունի արգելոց-թանգարանի համագործակցությամբ:

Թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում կատարած գրառման մեջ Պերսեպոլիսի տնօրենը նշել է, որ ուրարտական և իրանական մշակույթների հզորությունն ու մերձությունը հպարտության առիթ է, և Պերսեպոլիսի լուսանկարների ցուցադրությունը Էրեբունիում երկու երկրների թանգարանների միջև նոր համագործակցության և հարաբերությունների ջերմացման հրաշալի հնարավորություն է:
Էրեբունի կատարած այցի շրջանակում Պերսեպոլիսի տնօրենը հանդես է եկել բովանդակալից դասախոսությամբ՝ ներկայացնելով Պերսեպոլիսի պահպանության և վերականգնման հիմնական հարցերը և պատմելով թանգարանի ներկայիս գործունեության մասին: Պերսեպոլիսի տնօրենը եղել է նաև Էրեբունի միջնաբերդում: Արգելոց-թանգարանի աշխատակազմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նա նշել է, որ նմանատիպ ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ հարկ է կազմակերպել նաև Պերսեպոլիսում: