gototopgototop

Խաղողագործությունը Հին Հայաստանում. նոր ցուցահանդես Երևանի կոնյակի գործարանում

Տպել

2015թ. դեկտեմբերի 26-27-ին Երևանի կոնյակի գործարանում Բաց դռների օրերի շրջանակում հանրությանն է ներկայացվել «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նոր ցուցահանդեսը՝ «Խաղողագործությունը Հին Հայաստանում» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն էր վեր հանել խաղողագործության ավանդույթը Հայաստանում՝ ի մասնավորի ներկայացնելով Ուրարտուի կամ Արարատյան թագավորության տարածքում խաղողագործության զարգացման պատմությունը՝ սկսած ջրանցքների անցկացումից, խաղողի այգիներ տնկելուց մինչև վերջինիս մշակումը, ապա նաև խաղողից ստացված գինու պահպանումը և դրա համար կառուցված մառանների ու անհրաժեշտ պարագաների՝ կարասների, կուժերի, եղջերագավաթների, սափորների ու թասերի կիրառումը:

2 օր շարունակ ՀՀ քաղաքացիներն ու այլ երկրներից ժամանած բազմաթիվ այցելուներ հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական  կոնյակագործության հարուստ ժառանգությանը և էրեբունի թանգարանի կողմից ներկայացված, Հայաստանում զարգացած խաղողագործության և գինեգործության մասին վկայող բացառիկ պատմահնագիտական նմուշներին, որոնց մեծ մասը ցուցադրվում էր առաջին անգամ: