gototopgototop

Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում. ցուցահանդես Հուշարձանների միջազգային օրվա շրջանակում

Տպել

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-ի առաջարկությամբ 2016թ. ապրիլի 18-ը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, նշվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ համատեղ թեմայի շրջանակում կազմակերպում է «Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում» խորագրով ցուցահանդես:     Ցուցահանդեսը այցելուին կներկայացնի Հին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած սպորտային որոշ իրադարձություններ, Ուրարտուում առյուծի և ցուլի որսի մասին վկայող   տեսարաններ: Մերձավոր Արևելքի մի շարք տարածաշրջանների կրոնապաշտամունքային համակարգում կարևոր տեղ է զբաղեցրել առյուծի,  երբեմն նաև` ցուլի ծիսական որսը: Այդ մասին վկայված են ինչպես Հին մերձավորարևելյան պատկերագրության տարբեր տեսարաններում, այնպես էլ մի շարք գրավոր սկզբնաղբյուրներում:

Առյուծի և ցուլի ծիսական որսի «ինստիտուտը» հատկապես տարածված է  եղել Ասորեստանյան պետության Միջին և Նոր թագավորությունների ժամանակաշրջանում: Այստեղ այն մեծամասամբ կրել է «արքայական բնույթ»: Առյուծի և ցուլի որսը յուրատեսակ մրցություն է եղել և իր մեջ պարունակել է սպորտային տարրեր:Ուրարտական պատկերագրության մեջ առկա են որոշ տեսարաններ, որոնք կարող են ապացույց հանդիսանալ Վանի թագավորությունում առյուծի և ցուլի ծիսական որսի գոյության մասին: Նման տեսարաններ հատկապես առկա են ուրարտական մի շարք գոտիների վրա պատկերված դրվագաշարերում: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այն եզակի հաստատություններից է, որտեղ պահվում են հնագիտորեն ֆիքսված արտեֆակտեր` առյուծի և ցուլի որսի տեսարաններով: Դրանք համապատասխանաբար Նոր Արեշի կոլումբարիումից և Երևանի Բիայնական դամբարանից գտնված գոտիների հատվածներն են: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, 2016թ. ապրիլի 18-ին, ժամը՝ 14:00-ին/ք. Երևան, Էրեբունի փող. 38/:                                                         Ցուցահանդեսը կգործի մինչև 2016թ մայիսի 8-ը:

 

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Այս տարի ԻԿՕՄՕՍ-ը ժառանգության պահապաններին առաջարկել է հանդես գալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: