gototopgototop

Հուշարձանների միջազգային օրը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Տպել

2016թ. ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Սպորտի ժառանգությանը: Ապրիլի 18-ի միջոցառումը մեկնարկել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ելույթով: Շնորհավորելով ժառանգության պահապաններին մասնագիտական տոնի առթիվ՝ Գ. Գյուրջյանն անդրադարձել է  սպորտի զարգացման պատմությանը հնագույն ժամանակներից սկսած, որը մասամբ արտացոլված է ներկայացվող ցուցահանդեսում:

Շնորհավորական և ողջույնի խոսքերով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի  ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը: Ռ. Հովհաննիսյանը, շնորհավորելով Հուշարձանների միջազգային օրվա կապակցությամբ, արդրադարձել է  բացվող նոր ցուցահանդեսին և ընդգծել, որ մենք այն ազգերից ենք, որ բոլոր ոլորտներում, այդ թվում և սպորտում, հարուստ ժառանգություն ունենք: Վ. Կաժոյանը ցուցադրության թեման խորհրդանշական և համահունչ է համարել վերջին օրերին հայ ժողովրդին պարտադրված պատերազմական իրադրությունում  ունեցած հաղթանակին, ինչպես և  սպորտում հայ ծանրամարտիկների ձեռք բերած հաջողություններին: Նա նշել է, որ կարևոր է պահպանել և փոխանցել մեր մշակութային հարուստ արժեքները ապագա սերունդներին և այդ առումով «Էրեբունի» թանգարանը կարևոր աշխատանք է իրականացնում՝ պահպանելով և հանրահռչակելով մեր ժառանգությունը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ այս տարի Հուշարձանների միջազգաին օրը՝ ապրիլի  18-ը,  նշվել է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո:  Հուշարձաների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ԻԿՕՄՕՍ/Հայաստանի և «Էրեբունի» արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպված  «Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում»  ցուցահանդեսը կգործի մինչև  2016թ. մայիսի 8-ը: