gototopgototop

Էրեբունին միացավ Թանգարանների եվրոպական գիշերվան

Տպել

2016թ. մայիսի 21-ին, երեկոյան ժամը 18:00-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը միացավ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ մինչև կեսգիշեր ընդունելով հազարավոր այցելուների: Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում Երևանի քաղաքապետարանի՝ «Էրեբունի», «Երևանի պատմության», «Ժամանակակից արվեստի» և «Կարեն Դեմիրճյան» թանգարանները հանդես եկան համատեղ միջոցառումների ծրագրով՝  «Երևանի քաղաքապետարանի թանգարանները Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագրի ներքո:

Բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում Գիշերվա մշակութասեր այցելուները ծանոթացանԺամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից ներկայացված գեղանկարների ցուցահանդեսին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Թանգարանին կից բացօթյա սրահում ներկայացվեց Հին  Երևանի լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանի հավաքածուից: Դիտելով ցուցահանդեսը՝ այցելուներին առաջարկվեց  լուսանկարների մեջ գտնել այսօրվա Երևանի համապատասխան հատվածները, և առավել ճշգրիտ պատասխանողներին՝ երկու դպրոցահասակ երեխաներին,   Երևանի պատմության թանգարանի տնօրեն Ա. Սարգսյանը հանձնեց մրցանակներ: Ժամը 19:00-ին, Էրեբունի թանգարանի դիմացի հարթակում «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը 1 ժամ շարունակ այցելուներին նվիրեց   հայ ժողովրդական երգ ու պարի գեղեցիկ բեմադրություններ:

Ավելի ուշ, թանգարանին հարակից բացօթյա սրահում Գիշերվա այցելուները դիտեցին ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմ՝ Կ. Դեմիրճյանի թանգարանի հավաքածուից: Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում ավարտվեց կեսգիշերին՝ Էրեբունի միջնաբերդում  զբոսնելով և վայելելով մայրաքաղաքի համայնապատկերն ու  մշակութային լանդշաֆտը: