gototopgototop

Էրեբունիում ամփոփվեցին հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի 8-ամյա պեղումների արդյունքները

Տպել

2016թ. հուլիսի 8-ին Էրեբունիի հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն ամփոփել է 2008 թվականից Էրեբունի ամրոցի միջնաբերդում իրականացվող պեղումների արդյունքները։ Պեղումների վերջին փուլը նշանավորվել է մի շարք բացահայտումներով, որոնց մասին Էրեբունի թանգարանում հանգամանալից զեկույցներով հանդես են եկել ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամպը և հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանը։

Ողջունելով հնագիտությամբ հետաքրքրվող շրջանակին՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գ․ Գյուրջյանն անդրադարձել է Էրեբունիում 2008-2016թթ. հայ-ֆրանսիական համգործակցությանը և շնորհակալություն հայտնել 8 տարիների ընթացքում պեղումների իրականացմանը օժանդակած կառույցներին՝ Երևանի քաղաքապետարանին, ՀՀ Մշակույթի նախարարությանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին և, առանձնապես, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը:

Հաջողված համագործակցության վերաբերյալ շնորհավորական խոսքերով հանդես են եկել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Նիկոլաս Ֆայեն, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կողմից ներկայացվող ելույթները եզրափակել են արշավախմբին վերջերս միացած իրանցի հնագետները։ Վերջիններիս արգելոց-թանգարանի տնօրեն Գ․ Գյուրջյանը հանձնել է հնագիտության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը խորհրդանշող հավաստագրեր: