gototopgototop

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը Էրեբունի արգելոց-թանգարանում

Տպել

2016թ. սեպտեմբերի 24-ին  Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ համատեղ Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին։ «Ժառանգությունը և համայնքը» համաեվրոպական խորագրի ներքո էրեբունի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կբացվի  «Իմ համայնքի ժառանգությունը» ցուցահանդեսը՝ ընդգծելով համայնքի դերն ու նշանակությունը մշակութային ժառանգության ստեղծման, պահպանման և զարգացման կարևոր գործում։ Ցուցահանդեսում ընդգրկված են Էրեբունի համայնքի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքները։

Այն նպատակ ունի ոգեշնչել 25-ամյա անկախություն ունեցող համայնքներում ստեղծագործող երեխաներին ու պատանիներին՝ ճանաչելու և արժևորելու սեփական համայնքի ժառանգությունը՝ փոքրուց սերմանելով հարգանքը համայնքի և, ընդհանրապես, պատմամշակութային ժառանգության հանդեպ: Սեպտեմբերի 24-ին Եվրոպական ժառանգության օրերի մասնակիցներին կողջունեն և օրվա խորհուրդն ազդարարող խոսքերով հանդես կգան ժառանգության ոլորտի մի խումբ գործիչներ և Էրեբունի համայնքի ներկայացուցիչներ:  Ժառանգության օրերի շրջանակում իրականացվող միջոցառումը կմեկնարկի Երևանի Էրեբունի վարչական համայնքի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, նվագախմբի և Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցի սաների ելույթներով, ապա Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի «Հայաստան» պարային համույթի ժողովրդական պարերի բեմադրությամբ։ Համաեվրոպական օրերի այցելուները արգելոց-թանգարանի դիմացի հարթակում  հնարավորություն կունենան դիտելու Էրեբունի համայնքի փոքրիկ նկարիչների ձեռքով նաև տեղում պատրաստվող նկարները՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:                                           Ցուցահանդեսի դիտումից հետո հյուրերի և մասնակիցների համար կկազմակերպվի ճանաչողական շրջայց՝ «Էրեբունի. իմ համայնքի ժառանգությունը» խորհրդանշական կարգախոսով:

Համաեվրոպական օրերի շրջանակում կայանալիք միջոցառումը կմեկնարկի 2016թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանում: