gototopgototop

Էրեբունիում ներկայացվել է «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը»

Տպել

2017թ. մարտի 15-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանում տեղի է ունեցել «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» առաջին փուլում իրականացված աշխատանքների ներկայացումը, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նախագծի հեղինակային խմբի անդամները, «Էրեբունի» թանգարանի աշխատակիցները: Սույն նախագիծն իրականացվում է «Էրեբունի» ՊՀԱԹ-ի կողմից Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` «Էրեբունի-Երևան»-ի 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում:

Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով «Էրեբունի» ՊՀԱԹ-ը, ունենալով համապատասխան լիցենզիա և կանոնադրական իրավասություն, իրականացրել է «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» առաջին փուլը: Այն ընդգրկում է ինը առանձին բաղադրիչներ, որոնցից երկուսը՝ հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման նախագծերը, ներկայացված են «աշխատանքային նախագիծ» ձևաչափով, իսկ մյուս յոթը՝ որպես «էսքիզային նախագծեր»: Նախագծի հեղինակային խմբի աշխատակազմը բաղկացած է հնագետներից, պատմաբաններից, ճարտարապետներից, գեոդեզիստներից, որմնանկարների վերականգնողներից և այլ անհրաժեշտ մասնագետներից: Աշխատանքային նախագծերի փորձաքննությունն անց է կացվել «ՀՊՕ-Զորավիգ» ՍՊԸ-ի  կողմից: Նախագծի ներկայացման ընթացքում «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը ներկայացրել է  նախագծի կառուցվածքը՝  անդրադառնալով նախագծային աշխատանքների ընթացքին:

Նախագծային խմբի ճարտարապետ-վերականգնողները մանրամասն ներկայացրել են  հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, Խալդի տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը, անալոգներ ցուցադրել ուրարտական և հետուրարտական շրջանի հնավայրերից: Նախագծի ներկայացման ընթացքում եղել են որոշ առաջարկություններ և դիտարկումներ էսքիզային նախագծերի վերաբերյալ, որոնք մասնագիտորեն ուսումնասիրվելուց հետո, առաջիկայում կարող են ընդգրկվել աշխատանքային նախագծերում:

Երևանի քաղաքապետարանի կողմից որոշվել է ընթացք տալ  «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծին»՝  սահմանված կարգով: Այսպիսով, նախագծի առաջին փուլը հիմք է հանդիսանում «Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները սկսելու համար, որոնց մեկնարկը, ըստ էության, կտրվի այս տարի: