gototopgototop

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Print

2017թ. ապրիլի 21-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ քաղաքապետը դիտել է ամրոցի մուտքի հարակից հատվածում նոր տեղադրված Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագրերի կրկնօրինակները, այնուհետ թանգարանի ժամանակավոր ցուցասրահում ներկայացված «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդեսը: Երևանի քաղաքապետին է ներկայացվել «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը», որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում:

Նախագծի հեղինակային խմբի ճարտրապետ-վերականգնողները, մասնավորապես, ներկայացրել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, ինչպես նաև Խալդի Աստծո տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը: Իր խոսքում Երևանի քաղաքապետը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ այն  հնարավորություն կտա Էրեբունի-Երևանի հիմնադրման պատմությունը լիարժեք ներկայացնելու, թանգարանի պայմաններն առավել հարմարավետ ու ժամանակակից պահանջներին համապատասխան դարձնելու, ինչպես նաև թանգարան զբոսաշրջիկների նոր հոսքի ավելացմանը նպաստելու համար:

Քաղաքապետը նաև նշել է. «Ինչպես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքները, այնպես էլ Շենգավիթ ու Կարմիր բլուր հնավայրերի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման առաջարկների իրագործումն անչափ կարևոր է Երևան քաղաքի համար: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը լիարժեք և պատշաճ ներկայացվի ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի զբոսաշրջիկներին»:

Քաղաքապետի աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել նաև «Էրեբունի» թանգարանի ցուցադրության իրերի կատալոգի շնորհանդեսը: Եռալեզու կատալոգ-ալբոմը պարունակում է տարբեր տարիներին Արին բերդ, Կարմիր բլուր, Երևանի բիայնական դամբարան, Նորատուս հնավայրերի պարբերական պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ հնագիտական իրերի նկարագրություններ և լուսանկարներ: