gototopgototop

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էրեբունի, Շենգավիթ, Կարմիր բլուր հնավայրեր

Տպել

Ս.թ. հունիսի 17-ին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և այլ պաշտոնատար անձիք  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել են «Էրեբունի» միջնաբերդ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը», որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում:

Կարևորելով ծրագրի իրականացումը` Կարեն Կարապետյանն առաջարկել է այն կյանքի կոչել միջազգային փորձագետների ներգրավմամբ:

Այնուհետ, վարչապետը, քաղաքապետը և մյուս պաշտոնատար անձիք այցելել են նաև «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» հնավայրեր: Տեղում մանրակերտերի վրա ներկայացվել են վերոնշյալ տարածքների վերականգնման ու զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները:

Կարևորելով ծրագրերի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նախաձեռնությունների նպատակը մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի զբոսաշրջիկներին լիարժեք և պատշաճ ներկայացնելն է:

Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» հնավայրերի վերականգնման ծրագրերը ևս  քննարկել միջազգային փորձագետների հետ, որպեսզի գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք առավել կընդգծեն Երևանի հնավայրերի զբոսաշրջային գրավչությունը: