gototopgototop

«Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը». նոր ցուցահանդես՝ Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ

Տպել

2017թ. սեպտեմբերի 29-ին  Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ Եվրոպական ժառանգության օրերին կմիանա  նոր ցուցահանդեսով՝ «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել բնության  դերն ու նշանակությունը ուրարտական ժառանգության ստեղծման և պահպանման կարևոր գործում։ Ցուցահանդեսը ներկայացնող պատկերազարդ տեղեկատվական պաստառներում ընդգրկված են մի շարք ուրարտական բնակավայրեր, որոնց օրինակով ցուցադրված են բնության մեջ ուրարտական քաղաքների տեղադրության առանձնահատկությունները, բնական լանդշաֆտի ճիշտ օգտագործման, պահպանության և ռազմավարական խնդիրների համադրության սկզբունքները, ինչպես նաև ուրարտացիների կողմից ջրանցքների, արհեստական լճերի, կամուրջների կառուցման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում:

Առանձին պաստառներով ներկայացված են ուրարտական սեպագիր արձանագրություններում տեղ գտած տեղեկությունները արքաների կողմից պարտեզներ, խաղողուտներ ստեղծելու ավանդույթի, ուրարտացիների կրոնական ընկալումներում  գոյություն ունեցող բնության աստվածների մասին: Սեպտեմբերի 29-ին «Էրեբունի» թանգարանում Եվրոպական ժառանգության օրերի  խորհուրդն ազդարարող խոսքերով հանդես կգան ժառանգության ոլորտի մի խումբ գործիչներ: Ցուցահանդեսի դիտումից հետո ժառանգության փոքրիկ պահապանների՝ մի խումբ դպրոցականների համար ճանաչողական էքսկուրսիա կանցկացնեն «Էրեբունի» թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի շրջանավարտները:  Համաեվրոպական օրերի շրջանակում կազմակերպված «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2017թ. հոկտեմբերի 29-ը: