gototopgototop

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր առաջին ծանոթությունը Հայաստանի մշակութային ժառանգությանը սկսել է «Էրեբունի» արգելոց-թանգարանից

Տպել

2017թ. հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է «Էրեբունի» միջնաբերդում, ապա ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրությանը և տպավորություններով կիսվել թանգարանի Պատվավոր հյուրերի մատյանում:

Հնավայրում շրջելիս՝ դեսպանը հպարտությամբ անդրադարձել է «Էրեբունի» ամրոցի պեղումների ընթացքում Ֆրանսիայի իրականացրած ներդրումներին: Նա փաստել է, որ Ֆրանսիայի դեսպանատան և «Էրեբունի» թանգարանի խորհրդանշական համագործակցությունը Էրեբունու հայ-ֆրանսիական արշավախմբի 8-ամյա աշխատանքներից հետո այժմ էլ շարունակվում է Լիոնի և Գրենոբլի ճարտարապետական ազգային բարձրագույն դպրոցների հետ ծավալվող բազմաբնույթ գործունեությամբ: Դեսպանն իր խոսքում հավաստիացրել է, որ տարիների համագործակցությունը, անշուշտ, կշարունակվի առաջիկայում ևս: Դիտելով թանգարանի մշտական ցուցադրությունը՝ դեսպան Լաքոտը հաճելիորեն մատնանշել է ցուցադրության բացատրագրերում և պաստառներում ֆրանսերենի առկայությունը: Դեսպանն ընդգծել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի մշակութային համագործակցությունն առավել կամրապնդվի 2018թ. ոչ միայն «Էրեբունի-Երևան»–ի 2800 և «Էրեբունի» թանգարանի 50 ամյակներին նվիրված տոնակատարություններին մասնակցությամբ, այլ նաև Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ  գագաթնաժողովի անցկացմամբ: Շնորհակալություն հայտնելով թանգարանի աշխատակազմին ջերմ ընդունելության համար՝ դեսպանն ուղևորվել է  «Կարմիր բլուր» մասնաճյուղ, ծանոթացել Թեյշեբաինի ամրոցի պատմությանը: Մեծապես տպավորված լինելով Երևանի հնավայրերով՝ Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ հաջորդ այցելությունը կլինի Շենգավիթ հնավայր: