gototopgototop

Պեղումներ և արժեքավոր գտածոներ

Տպել

himnaqarԷրեբունիում պեղվել են 5 շտեմարաններ, գինու վեց մառաններ, ուր տեղադրաված են եղել մոտ 200 խոշոր կարասներ: Դրանցից մի քանիսն ունեն տարողության մասին սեպագիր և հիերոգլիֆ նշաններ: Ընդհանրապես, հրապարակից արևելք տեղակայված տնտեսական հատվածը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Պեղումները հաստատում են, որ ի սկզբանե պալատական մեծ դահլիճը գոյություն է ունեցել, որը հետագայում է ձևափոխվել կարասային սենյակի:
Էրեբունիի պեղումներից հայտնաբերվել են բազմաթիվ հնագիտական գտածոներ` տարբեր տեսակի նետասլաքներ, շեղբեր, հալոցներ, կաղապարներ, մետաղյա զարդեր (ապարանջաններ, մատանիներ և այլն), ուլունքներ, ձիասանձեր և այլն: Գտնվել են նաև քարից, բրոնզից և ոսկրից պատրաստված գլանաձև, կոնաձև և կշռաքարի ձև ունեցող կնիքներ: Դրանք ունեն տնտեսական, ինչպես նաև  տեղեկատվական և որոշակի պաշտամունքային նշանակություն:

erebuni-karas Գտնված 2 նույնօրինակ սեպագիր արձանագրությունները համարվում են ՀՀ քաղաքամայր Երևանի ծննդյան վկայագիրը:
Հատկապես ուշադրության են արժանի ամրոցի տարածքից գտնված կոթողային ոճի 23 սեպագիր արձանագրությունները, ինչը բացառիկ երևույթ է ուրարտական ամրոցների համար:
Թե ինչ ճակատագիր է ունեցել Էրեբունին ուրարտական պետության անկման և հետուրարտական շրջաններում, դժվար է ասել:  Հավանաբար Թեյշեբաինի քաղաքի (Կարմիր բլուր) կառուցումից հետո այն իր դիրքերը զիջել է: Այդ մասին են վկայում Էրեբունիից Կարմիր բլուր տեղափոխված տարբեր իրերի հնագիտական մնացորդները:
Բավական բարդ է նաև այստեղ երվանդական, մարական և աքեմենյան մշակույթային շերտերի գոյության մեկնաբանության խնդիրը:
Էրեբունին հետուրարտական շրջանում կրել է որոշակի փոփոխություններ, ինչի մասին են վկայում Խալդիի տաճարի սյունազարդ դահլիճի սյուների փոփոխությունները և  այսպես կոչված «Մեծ և Փոքր Հրո տաճարների» կառուցումը:

2008 թվականից ամրոցում և դրան հարակից բլրի լանջին պեղումներ են իրականացվում հայկական և  հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի կողմից:2010թ. հունիսի 7-18-ը Էրեբունի միջնաբերում իրականացվող հայ-ֆրանսիական համատեղ պեղումները լուս աշխարհ բերեցին ուրարտական որմնանկարի մնացորդներ և վան-տոսպյան մշակույթին բնորոշ 3 սափորների մնացորդներ: Հետագա անվտանգ պահպանության նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և արգելոց-թանգարանի ձեռնարկած անհապաղ փրկչական գործողությունների շնորհիվ որմնանկարը ամրակայվեց, տեղափոխվեց և պահվում է արգելոց-թանգարանի պահոցում: