gototopgototop

«Էրեբունի» թանգարանը մասնակցել է Մոսկվայում կայացած Երևանի օրերի շրջանակում իրականացված միջոցառումներին

Print

2017թ. դեկտեմբերի 21-22-ին Մոսկվայում կայացած Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքի Ս. Տ. Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցում բացվել է «Երևանյան էսքիզներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են  90 լուսանկարներ «Էրեբունի» և Երևանի պատմության թանգարանների հավաքածուներից, ինչպես նաև «Էրեբունի» թանգարանում ցուցադրվող արծաթյա եղջերագավաթների կրկնօրինակները:  Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, ինչպես նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը և երևանյան պատվիրակության այլ անդամներ: Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուներից ներկայացված լուսանկարներում արտացոլված են Երևանի հին ու նոր փողոցները, թաղամասերը, հասարակական շենքերը, հուշարձանները, համաքաղաքային և տոնական միջոցառումները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Երևանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում: Երախտագիտություն հայտնելով թանգարանում բացված ցուցահանդեսի պատշաճ կազմակերպման համար` թանգարան-արվեստանոցի տնօրեն Սվետլանա Բոբրովան Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանին և Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին հանձնել է Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցի հուշամեդալներ:

Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում  Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպվել է «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով համաժողով:  Համաժողովի շրջանակում երկուստեք կապերի ամրապնդման, ոլորտային համագործակցության և մի շարք ուղղություններով փորձի փոխանակման համաձայնագրեր են ստորագրվել Երևանի և Մոսկվայի մշակութային, կրթական մի շարք հաստատությունների միջև:  Համագործակցության համաձայնագիր է կնքվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և «Մոսկվայի  թանգարան»-ի միջև: Համաձայնագիրը ներառում է 11 դրույթ, որոնք վերաբերում են երկկողմ մշակութային կապերի և փոխանակման, պատմության և թանգարանային գործի ոլորտի զարգացմանը, մասնագետների փոխանակմանը, գիտահետազոտական աշխատանքների ծավալմանը, սեմինարների, գիտաժողովների, ցուցահանդեսների, այլ միջոցառումների կազմակերպմանը և այլն:  Օրերի շրջանակում երևանյան պատվիրակության թանգարանների ներկայացուցիչները շրջել են «Մոսկվայի թանգարան»-ի մասնաճյուղերով, ծանոթացել բոլոր թանգարանների ցուցադրություններին և ուսումնասիրել նորագույն մեթոդներն ու  մոտեցումները :