gototopgototop

Պեղումներ և արժեքավոր գտածոներ

Տպել

tejshebaini-pexumner-kave irer1Սիստեմատիկ պեղումների առաջին իսկ օրերին բացվեց միջնաբերդի բազմաթիվ սենյակներից մեկը, որտեղից գտնվեցին կարմիր կավից պատրաստված և հղկված մի շարք անոթներ: Երկհարկանի շինությունները շարված են հիմնականում նույնաչափ (52x35x14սմ) չթրծված հում աղյուսից: Պատերի հաստությունը հասնում է 2,1-3,5 մետրի: Միջնաբերդի շինությունների ստորին հատվածը` ցոկոլային մասը, շարված է կոպտատաշ բազալտից: Երկհարկ միջնաբերդի 1-ին  հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից և այլ սենյակներից: Յուրաքանչյուր մառան-պահեստարանում գտնվել են մոտ 70-80 կարաս` 700-900 լիտր տարողությամբ: Ուստի դժվար չի կռահել, թե բացված 150 նկուղային սենյակներում որքան գինի, բուսական յուղ, գարեջուր, ցորեն, գարի և այլ ուտեստեղեն կարելի էր ամբարել: Պեղումների ընթացքում հայտնաբերված կավե սալիկների և բազալտե քարերի վրայի սեպագիր արձանագրությունները  հիմնականում վերաբերում են  շինարարական աշխատանքներին և տնտեսական կյանքին: Միջնաբերդից հայտնաբերված արձանագիր կավե սալիկները իրավաբանական բնույթի գրություններ ու հրամաններ են: Գտնվել են 20-ից ավելի բրոնզե վահաններ, որոնց վրա պահպանվել են  Արգիշտի Ա-ի, Սարդուրի Բ-ի, Ռուսա Ա-ի արձանագրությունները: Առավել արժեքավոր է Արգիշտի Բ-ի ամբողջությամբ պահպանված վահանը, որի վրա պատկերված են 28 առյուծ, 20 ցուլ, կենտրոնում ևս 8 առյուծ և 38 ծաղկաթերթիկներով մի վարդյակ: Գտնված բրոնզե սաղավարտներից արժեքավորը Արգիշտի Ա-ի սաղավարտն է:  Ուրարտական արվեստի եզակի նմուշներից է ձիու բրոնզե գլուխը, բազմաթիվ այլ արձաններ ու արձանիկներ` մարդկանց ու աստվածների պատկերներով:

tjshebaini-pexumner-bronze taseri hatnaberumy2Առանձնահատուկ են միջնաբերդի  25-րդ մառանի պեղումներից գտնված 97 բրոնզե թասերը, որոնք դասավորված են եղել N4 կարասում: Թասերի ներսում պահպանվել են Մենուայի, Արգիշտիի, Սարդուրի, Ռուսայի սեպագիր արձանագրությունները: Հետաքրքրական են նկուղային հարկի երեք սենյակներից հայտնաբերված  2-6 լիտր տարողությամբ 1036 սափորները, 200 տարբեր անոթները և այլ առարկաները: Կարմիր բլուրից հայտնաբերված հազարավոր արժեքավոր առարկաների մի մասը Էրեբունիից է, այդ են վկայում մի շարք իրերի վրայի ուրարտական թագավորների արձանագրությունները:  Միջնաբերդից և քաղաքատեղիից հայտնաբերված հնագիտական նյութը, պահեստային շենքերի ցանցը, Արարատյան դաշտում անցկացված  ոռոգման համակարգը և սեպագիր արձանագրությունները, այդ թվում նաև Զվարթնոցից գտնված կոթողը, ցույց են տալիս, որ Թեյշեբաինին ունեցել է վարչատնտեսական, ռազմական ու մշակութային կարևոր նշանակություն: Քաղաքի բնակելի տարածքի պեղումները լույս աշխարհ բերեցին ոչ միայն ուրարտական այլև` նախաուրարտական և վաղ հայկական մշակույթի հնագիտական շերտեր: Գտնված զենքերը, գյուղատնտեսական գործիքները, բրոնզե, ոսկրե, երկաթե իրերը, գործավածքի մնացորդները, վկայում են Բիայնիլիում բարձր վարպետության հասած արհեստների ու արվեստների մասին: Հայտնաբերված գարու, ցորենի, վարսակի մնացորդները և ծղոտե զտիչներով կավանոթները, որոնք գործածվել են գարեջուր պատրաստելու համար, փաստում են գարեջրի տեղական արտադրության մասին: Գտնվել են պանրագործարանի քարե չաներ ու խողովակներ, ձիթայուղ քամելու սալիկներ և այլն:
Կարմիր բլուրից հայտնբերված հարուստ ու արժեքավոր նյութերը ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում,“Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանում և Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժում:
Ներկայումս Կարմիր բլուր մասնաճյուղ-թանգարանի մշտական  գործող ցուցադրությունը ժամանակավորապես փակ է` թանգարանի շենքի խարխուլ վիճակի և ցուցասրահի անհարմարության պատճառով: