gototopgototop

Պատմական ակնարկ

Տպել

Erebuni museumԵրևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է  ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները: Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Այնուհետև ՀՀ Կառավարության  2003թ.  մարտի 7-ի N  313-Ն որոշմամբ վերանվանվելով  որպես պատմահնագիտական արգելոց-թանգարան` Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով` հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը` պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: 1970թ. շենքի նախագիծն արժանացել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը` ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը:

Թանգարանի 1-ին գիտական ցուցադրությունը (հեղինակ` պատմ. գիտ. դոկտոր Լավրենտի Բարսեղյան) գործել է մինչև 1982թ. : 1982-ից մինչ օրս գործող  գիտական ցուցադրության հեղինակը պատմ. գիտ. դոկտոր Ստեփան Եսայանն է:

Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ  այցելում են թանգարան`  իրենց ստացած տպավորությունների մասին  գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:  

Թանգարանի տնօրենները

Սուրեն Նարիմանյան -  1968-1980թթ., 1988-1989թթ.
Սիմոն Հմայակյան – 1980-1981թթ.
Արմեն Ղարագյոզյան – 1981-1982թթ.
Աշոտ Փիլիպոսյան – 1982-1988թթ., 2007-2009թթ.
Գագիկ Սարգսյան – 1988թ.
Սուրեն Մալխասյան – 1989-2007թթ.
Գագիկ Գյուրջյան – 2009թ. սեպտեմբերի 25-ից