gototopgototop

Թանգարանի մշտական ցուցադրությունը

Տպել

tangaran-mshtakan-cucadrutyunԹանգարանի արդի գիտական ցուցադրությունը ստեղծվել է 1982թ. (հեղ.` պատմ. գիտ. դոկտոր Ստեփան Եսայան), ներկայացնում է  նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան և վաղ հայկական ժամանակաշրջաններով թվագրվող հնագիտական առարկաներ: Մշտական ցուցադրությունը զբաղեցնում է 570  քառ. մ մակերես` ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը (140 քառ. մ): Ծանոթությունը մշտական ցուցադրության հետ սկսում է ուրարտական գերագույն աստված Խալդի և պատերազմի աստված Թեյշեբայի բարձրաքանդակներից (հեղինակ` Կամո Գյանջյան) և Էրեբունի  ամրոցի խցաններից պատրաստված մանրակերտից (վերակազմությունը` Կ. Հովհաննիսյանի, գործ՝ Համիկ Նալջյանի) :  1968թ. Փարիզի  Լուվրի թանգարանում, ապա 1970թ. Մոնրեալում մանրակերտն արժանացել է Մեծ մրցանակի:

649 հնագիտական իրերով ստեղծված մշտական ցուցադրությունը այցելուին ներկայացնում է Ուրարտուի պատմության, զարգացած տնտեսության, ճարտարապետության ու կերպարվեստի, ոռոգման և ամրաշինական  համակարգերի,  շինարարական տեխնիկայի, որմնանկարչության, խեցեգործության և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ:  

Այցելուն այստեղ կարող է տեսնել Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը` ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող արձանագիր քարը.   (վերծանությունը` ուրատագետ Մարգարիտ Իսրայելյանի):

1998 թվականից մշտական ցուցադրության մաս են կազմում նաև  Երևան քաղաքի Արշակունյաց  պողոտայի  վրա գտնվող , գործարանի տարածքում 1984թ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում դիպվածով բացված ուրարտական դամբարանից պեղված նյութերը` ծիսական նշանակության ցլագլուխ և առյուծագլուխ  աճյունասափորները:

Թանգարանի մշտական ցուցադրության առանձին բացառիկ նմուշներ բազմիցս ժամանակավորապես արտահանվել և ցուցադրվել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր թանգարաններում և ցուցասրահներում: